Հունիսի 2-ին ոստիկանության ՔՈԳՎ բարձր տեխնոլոգիական ոլորտում կատարվող հանցագործությունների դեմ պայքարի բաժնի ծառայողների համացանցում իրականացրած հերթական մշտադիտարկման ընթացքում պարզվել է, որ «Facebook» սոցիալական կայքում «Զնդան» անունով օգտատերը, հրապարակված հոդվածին է կցել կորոնավիրուսային համավարակից մահացած անձանց ցուցակների տեսապատճենները։
Ցուցակներում նշված են եղել 132 մահացած անձի անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան տարեթիվը, մահվան օրը, հասցեն և բժշկական հաստատության մասին տվյալներ։
Ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է․
«Անձնական կամ ընտանեկան կյանքի մասին տեղեկություններ ապօրինի հավաքելու, պահելու, օգտագործելու կամ տարածելու դեպքի առթիվ ՀՀ Քրեական օրենսգրքի 144-րդ հոդվածի հատկանիշներով ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե՝ նախաքննության»։
Ավելի վաղ ՀՀ առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանը հաստատել էր, որ տվյալները իրական են․
«Մենք պատրաստվում ենք դիմել իրավապահ մարմիններին, պարզելու համար, թե ով է այդ էջի հետևում կանգնած, քանի որ սկզբնաղբյուրը․․․ կարծեմ Facebook էջից է արտահոսքը տեղի ունեցել, ու նաև պարզելու համար, թե ինչպես է այդ ինֆորմացիան հասել տվյալ էջին։ Իրականում ոտնահարվել են մարդկանց իրավունքները, ամբողջությամբ հրապարակվել են նույնականացնող, անձնական տվյալներ, ինչն ուղղակի անընդունելի է»:
