Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի շնորհավորական ուղերձը ռազմական բժիշկներին` մասնագիտական տոնի կապակացությամբ.
«Սիրելի’ ռազմական բժիշկներ,
Շնորհավորում եմ մասնագիտական տոնի կապակցությամբ և երախտագիտությունս հայտնում պատերազմական այս ծանր օրերին հերոսական աշխատանքի ու բազմաթիվ կյանքեր փրկելու համար: Անգնահատելի է ձեր անմիջական մասնակցությունն ու ներդրումը մեր զինվորների ֆիզիկական և հոգևոր առողջական վիճակի պահպանման գործում:
Այս օրերին եզակի համախմբվածություն է ցուցաբերել բժշկական հանրությունը և համախմբելով ողջ ներուժը մեկ գաղափարի ներքո` փրկել հայ զինվորին, կամավորին, խաղաղ բնակչին:
Միահամուռ ուժերով եղել եք առաջնագծում և դժվարին ճանապարհ անցել` անվերապահորեն կատարելով ձեր առաքելությունը:
Չառանձնացնելով որևէ մասնագիտական խումբ և օգտվելով առիթից` մեկ անգամ ևս շնորհակալություն եմ հայտնում բոլոր բուժաշխատողներին` թիկունքն ու առաջնագիծն ամուր պահելու, ոլորտում սխրանքներ գործելու համար:
Խոնարհվում եմ բոլոր զոհված բժիշկների առջև, ովքեր Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ պատերազմի ընթացքում կյանքի գնով իրենց մասնագիտական պարտքն են կատարել, տոկունություն եմ մաղթում նրանց ընտանիքներին և հարազատներին:
Մաղթում եմ մեր երկրին խաղաղություն, իսկ բժիշկներին` քաջառողջություն:
Ամու’ր եղեք` շարունակելով ձեր վեհ առաքելությունը»: