«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հոկտեմբերի 22-ին տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ ՌԴ-ն շարունակում է ակտիվ միջնորդական ջանքերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում արյունահեղությունը դադարեցնելու ուղղությամբ:
«Մենք շարունակում ենք ակտիվ միջնորդական ջանքերը՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում արյունահեղության դադարեցմանը: ԼՂ հակամարտության կարգավորման հարցը, մասնավորապես, քննարկվել է հոկտեմբերի 20-ին և 21-ին՝ Մոսկվայում Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի առանձին հանդիպումների ընթացքում ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի ու Ադրբեջանի արտգործնախարար Ջեհյուն Բայրամովի հետ: Ինչպես և առաջ, աշխատում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում»,- նշել է Զախարովան: