ՌԴ Քննչական կոմիտեն անտեսել է Գլխավոր դատախազության փաստարկները և հրաժարվել իրենց հորը սպանած Խաչատուրյան քույրերի գործողությունները վերաորակավորել որպես ինքնապաշտպանություն: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին տեղեկացրել է քույրերից մեկի փաստաբան Ալեքսեյ Լիպցերը:
«Մեզ տեղեկացրել են լրացուցիչ քննչական գործողությունների ավարտի մասին: Քննությունն անտեսել է Գլխավոր դատախազության փաստարկները և թողել է նախորդ որակումը` սպանություն նախնական պայմանավորվածությամբ՝ հրաժարվելով մեղմել կամ վերաորակավորել որպես անհրաժեշտ ինքնապաշտպանություն»-, ասել է պաշտպանը:
Ավելի վաղ քննությունը խոստովանել էր, որ հայրը ծաղրել է դուստրերին և բռնաբարել է նրանց, սակայն աղջիկների գործողությունները որակել է ամենածանր հոդվածով` սպանություն նախնական պայմանավորվածությամբ: Դատախազությունը չապացուցված էր համարել դրդապատճառների և նպատակների վերաբերյալ քննության եզրակացությունները և գործն ուղարկել էր վերանայման:
Հիշեցնենք, որ Անգելինա, Քրիստինա և Մարիա Խաչատուրյանները ձերբակալվել են 2018թ. հուլիսին՝ իրենց նկատմամբ բռնություն գործադրած հոր՝ Միխայիլ Խաչատուրյանի սպանության մեղադրանքով: Այս գործով հետաքննությունն ավարտվել է նախորդ տարվա դեկտեմբերին:
Քննության շրջանակում պարզվել է, որ հայրը տարիներ շարունակ ֆիզիկական, սեռական և հոգեբանական բռնություն է գործադրվել դուստրերի նկատմամբ: