fbpx
Քաղաքականություն
17:00 24/12/2019

ՌԴ-ում բարձր են գնահատում ԵՏՄ-ում Հայաստանի նախագահության արդյունքները

Ամուլսարի հարցը Հայաստանի ժողովրդի ներքին գործն է. ՀՀ-ում ՌԴ դեսպան

Այս տարին Հայաստանի և Ռուսաստանի երկկողմ հարաբերությունների տեսակետից ավարտվում է դրական նոտայով։ Այս մասին ամփոփիչ մամուլի ասուլիսում դեկտեմբերի 24-ին ասաց Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության Արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

Նրա խոսքով՝ 2019 թվականը նշանավորվեց տարբեր ոլորտներում երկկողմ հարաբերությունների եթե ոչ աննախադեպ, ապա շատ ինտենսիվ զարգացմամբ, մասնավորապես քաղաքական երկխոսության գծով։

«Այս տարի Հայաստան այցելեցին Ռուսաստանի Դաշնության նախագահը, պաշտպանության, արտաքին գործերի, ներքին գործերի նախարարները, Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի քարտուղարը, Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահը, Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի փոխնախագահը։ Սա վկայում է այն մասին, որ մենք քննարկելու բան ունենք։ Մեր հարաբերությունները զարգանում են ամենատարբեր ոլորտներում։ Մեզ միավորում են շատ լուրջ ընդհանուր շահեր։ Դե, իսկ որ ամենագլխավորն է՝ դա արտացոլում է քաղաքական կամքի առկայությունը երկու կողմում, որպեսզի պահպանվեն և այսուհետ ևս բարձրացվեն մեր հարաբերությունների որակն ու դաշնակցային մակարդակը»,-ընդգծել է Կոպիրկինը։

Նա նաև նշեց, որ Ռուսաստանում բարձր են գնահատում ԵՏՄ-ում Հայաստանի նախագահության արդյունքները: Կոպիրկինի խոսքով՝ դրանք արտացոլում են Հայաստանի ղեկավարության հետաքրքրված և պատասխանատու մոտեցումը ինտեգրացիայի զարգացմանն ու մասնակից երկրների համար ինտեգրացիոն ձևաչափերի արդյունավետության բարձրացմանը:

«Լուրջ քայլեր են ձեռնարկվում ԵՏՄ միջազգային հեղինակության բարձրացման և նրա միջազգային հարաբերությունների հետագա զարգացման համար»,-նշեց դեսպանը՝ հավելելով, որ Հայաստանը նման մոտեցում է ցուցաբերել ՀԱՊԿ շրջանակում համագործակցության տեսանկյունից:

Կոպիրկինի կարծիքով՝ ՀԱՊԿ քննարկումների շրջանակում խնդրահարույց հարցերը բարձրացնելու Հայաստանի ղեկավարության պատրաստակամությունը նույնպես շատ օգտակար է:

«Քննարկումը ՀԱՊԿ-ի որակի և արդյունավետության բարելավման միջոց է: Կարծում եմ՝ այդ նպատակին հասնելուն կնպաստի այդ Կազմակերպությունում Ռուսաստանի սկսված նախագահությունը»,- ամփոփեց դեսպանը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ