ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ՝ հոկտեմբերի 24-29-ը կանցկացվի «ՌեԱնիմանիա» անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման արվեստի 11-րդ միջազգային փառատոնը:
Փառատոնի բացման արարողությունը տեղի կունենա հոկտեմբերի 24-ին, ժամը 20:00-ին, «Մոսկվա» կինոթատրոնում: Արարողությանը կմասնակցեն նաև փառատոնի հատուկ հյուրերը:
Այս տարի կինոփառատոնը ստացել է ավելի քան 350 լիամետրաժ և կարճամետրաժ անիմացիոն ֆիլմեր՝ աշխարհի տարբեր երկրներից, որոնցից ընտրված 100-ից ավելին կմրցեն փառատոնի հինգ հիմնական անվանակարգերում: Մասնավորապես, ներկայացված են լիամետրաժ և կարճամետրաժ ֆիլմեր՝ ԱՄՆ-ից, Միացյալ Թագավորությունից, Ռուսաստանից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Իսպանիայից և այլ երկրներից:
Արտերկրի ու Հայաստանի պրոֆեսիոնալ մասնագետներից կազմված ժյուրին կդիտարկի դրանք և փառատոնի ավարտին մրցանակներ կհանձնի տարբեր անվանակարգերում:
Փառատոնի շրջանակում կիրականացվի հատուկ ծրագիր՝ նվիրված ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ, ռեժիսոր Վալենտին Պոդպոմոգովի 95-րդ և հայ կինոռեժիսոր, սցենարիստ, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Արման Մանարյանի 90-րդ հոբելյաններին:
Փառատոնի շրջանակում, ինչպես և նախորդ տարիներին, կանցկացվեն վարպետության դասեր, սեմինարներ:
Այս տարի վարպետության դասեր կանցկացնեն «Մատանիների տիրակալը» ֆիլմի վիզուալ էֆեկտների պատասխանատու Ռոջեր Կուպելյանը (ԱՄՆ), «Սիրով, Վինսենթ» ֆիլմի ռեժիսոր Հյու Վելշմանը (Լեհաստան), European Animation Awards-ի գործադիր տնօրեն, հայտնի պրոդյուսեր Ժան Պոլ Քոմինը (Ֆրանսիա), ոլորտի մասնագետներ՝ պրոդյուսեր Ռոն Դայնսը (Ֆրանսիա), պրոդյուսեր, պատկերապատման գրքի հեղինակ, սցենարիստ, ռեժիսորԿորյուն Ապրիկյանը (Ֆրանսիա), նկարիչ, պատկերապատումների հեղինակ Դեն Գոլդմանը (ԱՄՆ), գեղանկարիչ և անիմացիոն ֆիլմի գեղարվեստական ղեկավար Գևորգ Մուրադը (ԱՄՆ), ռեժիսոր-անիմատոր Նատալյա Միրզոյանը (Ռուսաստան), ռեժիսոր Արուպ Դեվիվիդին (Հնդկաստան), անիմատոր, իլյուստրատոր Զորիկա Գետան (Գերմանիա) և պրոդյուսեր Ալան Գրանջերարդը (Ֆրանսիա):
Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ պաշտոնական կայքից։