«Արմենպրես»-ը, վկայակոչելով Իրանի նախագահի լրատվական ծառայությանը, հայտնում է` Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին գոհունակություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում պատերազմի դադարեցման մասին հայտարարության ընդունման առթիվ: Իրանի նախագահն այս մասին ասել է Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովում:
«Լինելով ինչպես Հայաստանի Հանրապետության, այնպես էլ Ադրբեջանի Հանրապետության հարևանը և հաշվի առնելով տարածաշրջանի ժողովուրդների հետ մեր բազմաթիվ պատմական ընդհանրությունները՝ Իրանի Իսլամական Հանրապետությունն իր գոհունակությունն է հայտնում Ռուսաստանի Դաշնության միջամտությամբ երկու երկրների ղեկավարների կայացրած որոշման առնչությամբ՝ վերջ դնել ռազմական հակամարտությանը և սկսել դիվանագիտական կարգավորման գործընթացը»,- նշել է Իրանի նախագահը:
Հասան Ռոհանին հույս ունի, որ երկու երկրները կկարողանան կարգավորել իրենց վեճերը խաղաղ և միջազգային իրավունքի շրջանակներում:
«Այդ նպատակով Իրանը ներկայացնում է հրադադարի հաստատման և խաղաղության հաստատման խաղաղ ծրագիր, ինչպես նաև ինտենսիվ բանակցություններ է վարում հակամարտող կողմերի և այլ շահագրգիռ երկրների հետ, և մենք ոչ մի ջանք չենք խնայի լարվածության և վեճերի ապաէսկալացման և այդ տարածաշրջանում կայուն ու արդար անվտանգության, կայունության և խաղաղության հաստատման համար»,- ամփոփել է Հասան Ռոհանին: