Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը որոշում է կայացրել չբողոքարկել Բաքվի զինվորական դատարանի կողմից կայացված 20 տարվա ազատազրկման դատավճիռը։ Ընտանիքի հայտարարության համաձայն՝ այս որոշումը չի նշանակում համաձայնություն դատավճռի հետ, այլ գիտակցված հրաժարում է լեգիտիմացնելու մի գործընթաց, որը, ըստ նրանց, ի սկզբանե կապ չուներ արդարադատության հետ։
Ընտանիքը ընդգծում է, որ դատական նիստերը եղել են դռնփակ, անկախ դիտորդների մասնակցությունը թույլ չի տրվել, իսկ միջնորդությունները անտեսվել են։ Դատավճռի պաշտոնական տեքստը ընտանիքին տրամադրված չի եղել պատշաճ թարգմանությամբ, ինչը ևս մեկ խախտում է համարում։ Վարդանյանը չի ճանաչում դատավճիռը որպես իրավական ակտ և այն համարում է քաղաքական շարժառիթներով և անօրինական հետապնդման մաս, ինչը, ըստ նրա, արդարադատության մերժում է։
Նրանք նաև նշում են, որ բողոքարկումը իմաստ ունի միայն այնտեղ, որտեղ հնարավոր է ուղղել առաջին ատյանի դատարանի սխալները, սակայն երբ խախտումները համակարգային բնույթ են կրում, բողոքարկումը վերածվում է ապօրինի հետապնդման լեգիտիմացման։ Վարդանյանը հրաժարվում է մասնակցել դատական գործընթացի իմիտացիային և պատրաստվում է պայքարել իր իրավունքների համար միջազգային իրավական մեխանիզմների միջոցով։

