Փետրվարի 10-ին Բաքվում տեղի ունեցավ Ռուբեն Վարդանյանի շինծու դատավարության վերջին նիստը, որտեղ նա հանդես եկավ իր եզրափակիչ խոսքով: Վարդանյանը, հրաժարվելով մասնակցել կեղծ արդարադատությանը, խոսեց արժանապատվության, պատասխանատվության և խաղաղության մասին, որը հնարավոր է միայն հավասարների միջև: Նա նշեց, որ դատական գործընթացը, որը տեղի ունեցավ, ոչ թե դատ, այլ դատական ֆարս էր։ Վարդանյանի խնդրանքով նրա փաստաբանը չներկայացրեց պաշտպանական փաստարկներ:
Ընտանիքի հետ հեռախոսազրույցի ժամանակ Ռուբեն Վարդանյանը փոխանցել է փետրվարի 10-ի դատական նիստում իր հնչեցրած եզրափակիչ խոսքի բովանդակությունը։ Ռուբեն Վարդանյանի ձայնային հաղորդագրության վերջին հատվածը ներկայացնում ենք ստորև․
«Դատին ասել ու երեք անգամ կրկնել եմ այն, ինչն ասելուց ինձ փորձում էին ընդհատել․ Արցախը եղել է, Արցախը կա և Արցախը կլինի հենց գոյաբանական առումով։ Այն, որ Արցախը եղել է, կա և կլինի։
Սա իրավական բնույթի հարց չէ, այլ այն մասին է, որ պարզապես չի կարելի վերցնել և ջնջել ոչ ոքի։ Եվ ես խորապես համոզված եմ դրանում։ Ասել եմ, որ ամեն ինչ կանեմ, որպեսզի դեռ մեր, դեռ իմ, հուսով եմ, կյանքի ընթացքում հակամարտության երեք կողմերի ղեկավարները միասին ծաղիկներ խոնարհեն ամեն մի ազգի ու կրոնի ներկայացուցիչների շիրիմներին և ներողություն հայցեն բոլոր մայրերից իրենց զոհված զավակների համար։ Հույս ունեմ, որ դա մի օր տեղի կունենա, և որ տեղի կունենա հենց հարգանքով՝ բոլորի ու միմյանց նկատմամբ։
Ես նաև ասացի, որ երջանիկ եմ այստեղ` այս դատին ներկայացնել հայ ժողովրդին, որևէ պատժից կամ որոշումից չեմ վախենում ու պատրաստ եմ ընդունել այն բացարձակ հանգիստ, որովհետև տեղի ունեցողը ոչ թե դատ է, այլ դատաստան։ Եվ, ցավոք, նրանք չօգտագործեցին առիթը, չօգտվեցին դատական նորմալ գործընթաց անցկացնելու հնարավորությունից, որը թույլ կտար իսկապես երկարաժամկետ խաղաղության հիմք դնել։ Դրա փոխարեն նրանք կազմակերպեցին անհասկանալի, ոչ պրոֆեսիոնալ շոու, որը, ցավոք, որևէ մեկին որևէ օգուտ չտվեց, և առաջին հերթին՝ հենց ադրբեջանական պետությանը։ Վստահ եմ»։

