Քաղաքագետ Սարո Սարոյանը Facebook-ի իր էջում գրառում է արել, որում ասվում է.
«Իմ ընկեր Ալեքսանդր Քանանյանն այսօր անդրադարձել է հայ-ադրբեջանական շփման գծի երկայնքով ռուսական կայազորների տեղակայման հարցին: Կարիք կա այդ կայազորներից որեւէ մեկի օրինակով ավելի մանրամասն ներկայացնել դրանց տեղակայման տրամաբանությունն ու այն սպառնալիքները, որոնք հայ ժողովրդի գլխին կախվել են նիկոլի գլխավորած հինգերորդ շարասյան գործունեության հետեւանքով:
Շատերն արդեն մոռացել են, բայց երեք տարի առաջ ռուսական կայազորները շփման գծի երկայնքով տեղակայվել են ՀՀ կառավարության թույլտվությամբ ու գործուն աջակցությամբ: Ես, օրինակ, հիշում եմ կառավարության նիստերից մեկի ժամանակ Տավուշի մարզի Այգեպար գյուղի տարածքում տեղակայվող ռուսական կայազորի մասին քննարկումը: Հենց այդ կայազորի օրինակով էլ իմ այս գրառմամբ կփորձեմ ներկայացնել դրանց նպատակային նշանակությունը:
Նախ հարկ եմ համարում նշել, որ Այգեպարի կայազորը Տավուշի մարզում գտնվող ռուսական 2 կայազորներից մեկն է: Այն գտնվում է Բերդի տարածաշրջանում՝ շփման գծից 2 կմ հեռավորության վրա: Մյուսը գտնվում է Նոյեմբերյանի տարածաշրջանում՝ Ոսկեպարում, շփման գծից 700 մետր հեռավորության վրա: Ընդ որում, վերջինս տեղակայված է հենց այն տարածքների դեմ հանդիման, որոնք նիկոլն ու նրա թիմը որոշել են հանձնել թշնամուն:
Երբեւէ կար կարծիք, որ ռուսական կայազորները տեղակայվել էին ՀՀ տարածքում, որպեսզի վերահսկեն այն ճանապարհները, որոնք ալիեւի եւ նիկոլի ամուսնական մեղրամիսի ավարտին դառնալու էին ռուսական, ադրբեջանական եւ թուրքական ապրանքների տարանցիկ շրջանառությունն ապահովող երթուղիներ: Սակայն, պետք է նշեմ, որ այդ կարծիքը լիարժեք չէր համոզում ինձ, քանի որ Հայաստանի միջով անցնող Ադրբեջանը Թուրքիային կապող երկաթգծային երկու երթուղիներից մեկը, ինչպես նաեւ մայրուղային ամենատարողունակ ավտոմոբիլային ճանապարհը անցնում են Իջեւանով եւ տարօրինակ կերպով այդ երթուղիների վրա հայ-ադրբեջանական շփման գծի հարեւանությամբ՝ Կայան բնակավայրի մոտ, մինչ օրս չի տեղակայվել ռուսական կայազոր: Հենց այդ հանգամանքը ցույց է տալիս, որ Այգեպարի ու Ոսկեպարի, ինչպես նաեւ այլ մարզերում գտնվող ռուսական ռազմակայանների կողմից տարանցիկ առեւտուրն ու ապրանքաշրջանառությունը վերահսկելու եւ կառավարելու ենթադրելի նպատակը կարծես թե մասամբ միայն կարող էր ճիշտ լինել:
Այդ դեպքում, ռուսական կայազորների տեղակայումները շփման գծի երկայնքով ի՞նչ նպատակ կարող են հետապնդել:
Եթե Կրեմլն ու նրա կամակատար նիկոլն իսկապես նպատակ ունենային հայ-ադրբեջանական շփման գիծը, իսկ հետագայում նաեւ՝ իրենց համար շատ ցանկալի պետական սահմանը, ապահովագրել ադրբեջանական ներխուժումներից, ապա միայն Տավուշի մարզում ռուսական կայազորները պետք է լինեին թվով առնվազն յոթը՝ ըստ այն գետային ավազանների, որոնք դեպի Ադրբեջան են միտված եւ ինքնին ունեն ռազմավարական նշանակություն:
Այս ամենը ցույց է տալիս, որ ռուսական կայազորները Հայաստանի տարածքում տեղակայվել են ոչ այն նպատակով, որ թույլ չտան հայ-ադրբեջանական ռազմական բախումները, եւ ոչ էլ այն նպատակով, որ վերահսկեն առեւտրային ճանապարհներն ու ապրանքաշրջանառությունը: Ուստի կարեւոր է գտնել այն հարցի պատասխանը, թե որ՞ն է կայազորների տեղակայման բուն նպատակը:
Այգեպարում գտնվող ռուսական կայազորը տեղակայված է խորհրդային տարիներին կառուցված օդանավակայանի տարածքում: Այն գտնվում է շփման գծից դեպի Բերդ քաղաքը գնացող ամենակարճ ճանապարհի սկզբնամասում: Այդ ճանապարհը միակն է, որը թշնամուն հնարավորություն է տալիս տանկային գրոհ կազմակերպել դեպի Բերդ քաղաք, որի շնորհիվ էլ լեռնաանտառային այդ տարածաշրջանում օդանավակայանի տարածքն ունի կարեւոր ռազմավարական նշանակություն:
Բերդ քաղաքն իր անունը ստացել է հենց քաղաքում գտնվող միջնադարյան հայտնի Տավուշի բերդի անունից: Այն ողջ գավառի սիրտն է եղել անցյալում ու մնում է ներկայում, քանի որ հանգուցային կետն է երեք գետերի՝ Հախումի, Տավուշի ու Խնձորուտի ավազանների համար: Նրա ռազմավարական նշանակությունը ներկայումս կայանում է նաեւ նրանում, որ նրանից ավելի բարձր դիրք ունեցող բայց շատ մոտ գտնվող երկու գյուղերից՝ Նավուրից ու Իծաքարից հետո, դեպի Իջեւան որեւէ բնակավայր չկա: Դրա փոխարեն կա մի ռազմավարական ճանապարհ, որը Իծաքարը կապում է մարզկենտրոն Իջեւանի հետ: Այդ ճանապարհն անցած տարի պետք է ասֆալտապատեին, որից հետո այն պետք է դառնար հանրապետական նշանակության ճանապարհ: Սակայն, ճանապարհաշինարար կազմակերպությունն իր պարտավորությունները չէր կատարել եւ Երեւանում նստող տգետների կառավարությունն էլ անզոր էր գտնվել այդ ռազմավարական ճանապարհի խնդիրը լուծել: Կառավարությունն ասֆալտապատումը տավուշցիներին խոստացել է այս տարի իրականացնել:
Հենց այդ ճանապարհը ռազմավարական շատ մեծ նշանակություն ունի, քանի որ ի տարբերություն Ճամբարակից եւ Իջեւանի Այգեհովիտ գյուղից եկող սահմանային մյուս 2 ճանապարհների, որոնք ընկած են շփման գծին շատ մոտ՝ մինչեւ 3 կմ հեռավորության վրա, այդ ճանապարհն ամբողջությամբ թիկունքային նշանակության է՝ զերծ թշնամու դիտարկման ու, անգամ, հրետանային հասանելիության: Սակայն, այդ ճանապարհը շատ մեծ նշանակություն ունի նաեւ հենց թշնամու համար, քանի որ դրա նկատմամբ արագ վերահսկողությունն ադրբեջանական զորքին միանգամից կբերի Իջեւան քաղաքի թիկունք եւ ամբողջ մարզի հայ բնակչության շրջանում խուճապի ու տեղահանման առիթ կդառնա:
Այգեպարում ռուսական կայազորի ներկայությունն ունի հենց այն նշանակությունը, որ այն տեղակայված է Բերդ քաղաքի հիմնական դարպասի վրա՝ գտնվելով քաղաքից 7 կմ հեռավորության վրա: Ռազմական գործողությունների դեպքում այն թշնամու համար կարող է ապահովել ռազմական ծանր տեխնիկայի ներգրավմամբ հարձակողական գործողությունների հաջողությունը, քանի որ գտնվում է թիկունքում եւ կատարում է «Տրոյական ձիու» գործառույթ: Միայն թշնամու արագ գրոհը եւ անսպասելի թիկունքային հարվածը կարող են Բերդի տարածաշրջանում կանգնած հայկական զինված ուժերին խուճապի մատնել: Ռուսների օգնությամբ գրավելով Բերդ քաղաքը՝ թշնամին առանց դիմադրության ընդամենը մեկ-երկու օրում կհայտնվի Իջեւանի պատերի տակ, ընդ որում՝ թիկունքից: Դրանից հետո կաթվածահար կլինի Տավուշի ողջ մարզը, եւ Հայաստանը պաշտպանելու համար հարկ կլինի պաշտպանություն կազմակերպել երեւի թե Սեւանի լեռնանցքից միայն:
Եթե ուշադիր նայենք ոչ թե Այգեպարի, այլ արդեն Ոսկեպարի ռուսական կայազորի տեղակայմանը, ապա պարզ կդառնա, որ այն եւս Տավուշի մարզը կաթվածահար անելու համար լավագույնս ընտրված տարածք է եւ այսօր թշնամու համար ունի թիկունքից խփելու «Տրոյական ձիու» գործառույթ:
Կարծում եմ Ոսկեպարի ու, հատկապես, Այգեպարի օրինակով կարողացա ներկայացնել ռուսական կայազորների նպատակային այն դերը, որոնք պետք է նրանք ստանձնեն ակտիվ ռազմական գործողությունների ժամանակ: Եթե ցանկանում ենք ունենալ ինքիշխան ու անկախ պետություն, ապա նիկոլի ու նրա կոլլաբորանտ կառավարության հետ միասին Հայաստանից պետք է հեռացվի նաեւ ռուսական զորքը: Հայաստանի սահմանները պետք է պաշտպանեն միայն հայկական զինված ուժերը։ Ոչ մի օտար զինուժ չի կարող Հայաստանին անվտանգություն ապահովել։ Պետք է գիտակցենք, որ Հայկական բանակն ամենից մարտունակ բանակներից մեկն է շարունակում մնալ աշխարհում։ Օրինակ, Մոլդովան, որն ինչպես Հայաստանը հետխորհրդային երկրներից մեկն է հանդիսանում եւ ունի երեսնամյա ռազմական կոնֆլիկտ Մերձդնեստրում, նրա բանակը Հայաստանի զինված ուժերից փոքր է 10 անգամ։ Իսկ ծանր տեխնիկայի առումով ընդհանրապես համեմատելու չեն երկու բանակները։
Այն մասին, որ Հայաստանն ի վիճակի է ինքն իրեն պաշտպանել, խոսում են միայն Համապարփակ անվտանգության ու պաշտպանության համակարգի ջատագովները, քանի որ զերծ են օտար կողմնորոշումներից ու շատ ավելի լավ են պատկերացնում, թե ինչպիսի ծանր հետեւանքներ կկրի Հայաստանը, եթե դառնա Արեւելքի ու Արեւմուտքի դիմակայության թատերաբեմ»։