Մոսկվան վախենում է, որ Պարսից ծոցում կարող է նոր կոնֆլիկտ սկսվել, և կոչ է անում «լրջորեն զբաղվել» տարածաշրջանում իրադրության կայունացմամբ։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
«Դեռևս ժամանակ կա կանգ առնելու, խորհրդածելու, անվերահսկելի առճակատման հետագա անցումը կանխելու համար… Կարծում եմ՝ միջազգային հանրության գերակշիռ մեծամասնությունը համաձայն է նման մոտեցմանը և ելնում է այն բանից, որ այն այլընտրանք չունի»,- հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը:
Նա շեշտել է, որ կոչերը չեն արժանանում Վաշինգտոնի արձագանքին:
«Սա իրադրության գիտակցված լարման գծի արտացոլումն է: Մենք չենք կասկածում, որ ԱՄՆ ռազմական և քաղաքական ղեկավարությունը ոչ մի գործողության առջև կանգ չի առնի, որպեսզի իրավիճակը առավելագույնս բարդացնի և գլխավորը՝ մեծացնի Իրանի վրա ճնշումը»,- եզրափակել է դիվանագետը:
Հունիսի 13-ին իրանական և արաբական լրատվամիջոցները հայտնել էին, որ Օմանի ծոցում հարձակման են ենթարկվել Front Altair և Kokuka Courageous նավթային լցանավերը:
Ոչ պաշտոնական տեղեկություններով՝ դրանց վրա տորպեդներ էին արձակվել, ինչի հետևանքում նավերում տեղի էին ունեցել պայթյուններ և հրդեհ:
Վաշինգտոնը կատարվածի մեղքը բարդել է Թեհրանի վրա և հայտարարել, որ մտադիր է պաշտպանել նավագնացության ազատությունը տարածաշրջանում։
Իրանը կտրականապես հերքում է մեղադրանքները՝ դրանք անհիմն հայտարարելով։ Մերձավորարևելյան պետությունում նաև նշել են, որ անհանգստացած են պատահածից և հիշեցրել են, որ օգնել են նավաստիների փրկության գործում։

