ՀՀ ոստիկանության լրատվական վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Սամվել Բաբայանի գրասենյակի կողմից տարածված ահազանգին․
«Քիչ առաջ Սամվել Բաբայանի գրասենյակը տեղեկություն է հրապարակել մայիսի լույս 29-ի գիշերը Սևան-Մարտունի ճանապարհին Սամվել Բաբայանի համակիրների հետ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ։
Տեղեկացնենք, որ նախքան այդ հայտարարությունը ոստիկանությունն արդեն իսկ օպերատիվ տվյալներ ուներ և ոստիկանության պետի հանձնարարությամբ ձեռնարկվել և այս պահին էլ ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ միջադեպի բոլոր մասնակիցների ինքնությունը, նրանց գտնվելու վայրը ճշտելու, ինչպես և կատարվածի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Միջոցառումները շարունակվում են։ Կատարվում է քննություն»։
Նշենք, որ մայիսի 29-ին Սամվել Բաբայանի գրասենյակը հայտարարություն էր տարածել, որում մասնավորապես ասվում էր․ «Մայիսի 29-ի գիշերը՝ ժամը 03։30-ի սահմաններում, Սևանի մայրուղու Սևան- Մարտունի ճանապարհահատվածին արցախցիներին հայտնի բանդայի կողմից հետապնդվել են Սամվել Բաբայանի համակիրները, զինակից ընկերները։ Նրանց ճանապարհը փակել են և հրազենից կրակահերթ ուղղել նրանց ուղղությամբ։ Այս բանդաները իրենց պարագլուխներով ծառայում են ԱՀ նախկին վարչապետ, իսկ հիմա ԱՀ նախագահի թեկնածու , «Ազատ Հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանին»։

