Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռումինիայի նախագահ Կլաուս Վերներ Յոհաննիսին երկրի ազգային տոնի՝ Ռումինիայի Միավորման օրվա առթիվ:
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի պաշտոնական կայքից։
Ուղերձում մասնավորապես ասված է.
«Հայաստանը կարևորում է Ռումինիայի հետ փոխադարձ վստահության և ընդհանուր արժեքների վրա հիմնված բարեկամական հարաբերությունների խորացումը։
Այս տարի լրանում է Հայաստանի և Ռումինիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը։ Մեր բարեկամ ժողովուրդների համար այս կարևոր իրադարձության նախօրեին վերահաստատում եմ Ռումինիայի հետ միջպետական կապերն ամրապնդելու՝ մեր երկրի պատրաստակամությունը և Ձեզ հարմար ժամանակ Երևան այցելելու՝ իմ հրավերը:
Վստահ եմ, որ համատեղ ջանքերով կզարգացնենք և կընդլայնենք երկկողմ գործակցությունը՝ ի շահ մեր ժողովուրդների»: