fbpx
Քաղաքականություն

Սասնա ծռերի քարոզարշավը սկսվեց Ազգային ժողովի այգուց

«Ժամանակն է» կարգախոսով արտահերթ ընտրություններին մասնակցող ուժը համարում է, որ ժամանակն է մասնակցել ընտրություններին ու գնալ խորհրդարան։ Տեղեկությունը հայտնեց azatutyun.am-ը.

«Ժամանակն է ի վերջո ստեղծելու բոլոր հայերի համար հայրենիք դարձող, հզոր, ինքնիշխան, տնտեսապես զարգացած, մրցունակ, սոցիալական հարցերը լուծելու կարողություններ ունեցող, պաշտպանունակ, անվտանգ և համահայկական պետություն», – ասաց կուսակցության ընտրական ցուցակը գլխավորող Վարուժան Ավետիսյանը:

Նախկինում որպես Նախախորհրդարանի, ապա որպես Հիմնադիր խորհրդարանի անդամներ ընդդիմադիր գործունեություն ծավալած Վարուժան Ավետիսյանը և իր այսօրվա կուսակիցներից շատերը լայն հանրությանը հայտնի են 2016-ի իրադարձություններից, երբ զենքով գրավեցին ոստիկանության պարեկապահակետային ծառայության գունդը։

Իրենց գործողությունները «զինված ապստամբություն» անվանող «Սասնա ծռերի» անդամները այս տարի Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունից հետո հայտարարեցին, թե զենքով հարցեր լուծելու էջը փակված են համարում։

Հարցին, թե արդյոք նախկին զինված գործունեությունը ստվեր չի գցում «Սասնա ծռերի» հեղինակության վրա, Ավետիսյանը պատասխանեց․ – «Սասնա ծռերի» ապստամբության ժամանակ Բի-Բի-Սի-ն հարցումներ էր կատարել և ոչ մեկին չէր գտել Հայաստանի Հանրապետությունում, որ դատապարտեին մեր արարքը: Դրա գնահատականը ժողովուրդը տվել է, այդ փուլը արդեն մենք անցել ենք: Հիմա մենք գտնվում ենք ժողովրդավարական ուղին բռնած Հայաստանում և ինքներս, որպես այդ ժողովրդավարության առաջամարտիկ, ջատագովներ, մասնակցում ենք ժողովրդավարական Հայաստանի կերտմանը»:

«Սասնա ծռերի» ընտրական ցուցակում Վարուժան Ավետիսյանին հաջորդում է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը, երրորդ տեղում Գարեգին Չուքասզյանն է:

Կուսակցության նախընտրական շտաբը ղեկավարում ու նաև քարոզարշավին ակտիվորեն մասնակցում է ազատամարտիկ Ժիրայր Սեֆիլյանը, ով բոլորովին վերջերս ստացավ Հայաստանի քաղաքացիություն և այդ պատճառով չկարողացավ առաջադրվել որպես թեկնածու։

«Պարտադիր չէ, որ ես ֆիզիկապես իմ ընկերների հետ միասին անպայման լինեմ խորհրդարանում: Կարևորն այն է, որ մեր քաղաքական ուժի լինելու է խորհրդարանում», – ասաց Սեֆիլյանը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ