fbpx
Քաղաքականություն

«Քաղաքացու որոշում» սոցիալ դեմոկրատական կուսակցության քարոզարշավը

Խորհրդարանական արտահերթ ընտրությունների քարոզարշավը «Քաղաքացու որոշում» սոցիալ դեմոկրատական կուսակցությունը մեկնարկեց քաղաքացիական պայքարի խորհրդանիշ Մաշտոցի պուրակից։ Թեկնածուներն իրենց հետ մանդարիններ էին բերել, որոնք, ըստ կուսակցության անդամների, թարմություն և նոր շունչ են խորհրդանշում: Հայտնում է azatutyun.am-ը.

«Իսկապես այս մեր քաղաքական դաշտում թարմություն է պետք, ու ես մեծ հույսեր ունեմ, համոզված եմ՝ այդ թարմությունը մենք բերելու ենք ամենակարևորը։ Միասնականության սիմվոլ որպես օգտագործում էին նուռը Հայաստանում, որ այդ ամբողջականության մեջ շատ հատիկներ, բայց մեր կարծիքով՝ մանդարինը շատ լավ է բնութագրում։ Սենց դրսից չի երևում, բայց որ բացենք, միանգամից կտեսնեք, որ հավասար բաժանելու, միասնական լինելու, համերաշխ լինելու իրար հետ, շատ լավ սիմվոլ է», – ասաց կուսակցության անդամներից մեկը։

«Քաղաքացու որոշման» գործունեության հիմնական ուղղությունները լինելու են երկուսը, ասում է կուսակցության խոսնակ Միքայել Նահապետյանը. – «Առաջինը դա Հայաստանում սահմանադրական կարգի վերջնական հաստատման նպատակն է, երկրորդը՝ Հայաստանը որպես ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական և իրավական պետություն կյանքի կոչելը։ Որպես հիմնական ուղղություն մենք ձգտելու ենք հասնել մի վիճակի, երբ մարդիկ փոխօգնության ոգով են լցված, երբ պետությունը մարդուն ապահովում է կրթության և առողջության հիմնարար իրավունքներով, հավասարապես որակյալ, հավասարապես հասանելի Հայաստանի բոլոր համայնքներում, ամբողջ տարածքում, և դրան է ուղղված լինելու։ Այդ երաշխիքներն ապահովելուն է ուղղված լինելու մեր գործունեությունը, որովհետև մենք գտնում ենք, որ եթե մարդը ունենա մրցունակ կրթություն և ամուր առողջություն, ինքը կկարողանա հասնել բարեկեցության ավելի բարձր մակարդակի»։

Թե ինչու պետք է քաղաքացին իր ձայնը տա այս կուսակցությանը, Նահապետյանը պարզաբանում է. – «Հայաստանյան քաղաքական դաշտում հիմնականում քաղաքական ուժերը զարգացումը տեսնում են ազատականացման մեջ, բիզնեսին ամբողջական ազատություններ տալու մեջ և տեսնում են Հայաստանի զարգացումը, որ «այ, եկեք այն մարդիկ, որոնք ավելի հարուստ են, մի քիչ ավելի հարստանան»։ Մենք խոսում ենք արդարության մասին և մենք խոսում ենք, որ զարգացող բիզնեսը իր հետ առաջ պիտի տանի քաղաքացիներին, որ պետությունը պետք է պարտավորություն վերցնի ապահովել այդ քաղաքացիների առողջությունը և կրթությունը, ապահովելու այն միջավայրը, որտեղ յուրաքանչյուր քաղաքացի կզարգանա, և այդ յուրաքանչյուր քաղաքացիներից մեկը նաև գործարարներն են, այդ բիզնեսի ներկայացուցիչներն են, որոնք ևս Հայաստանի քաղաքացիներն են և որոնք ևս պետք է զարգանան»։

«Ապագան քոնն է» կարգախոսով հանդես եկող նորաստեղծ կուսակցության ընտրական ցուցակում ներառված է 81 անդամ, որոնց գերակշիռ մասը տարիներ շարունակ մասնակցել են երկրում տեղի ունեցած բողոքի գրեթե բոլոր ակցիաներին։ Կարծում են՝ խորհրդարանում իրենց ուժը լինելու է։ Չլինելու պարագայում՝ շարունակելու են զբաղվել քաղաքականությամբ:

«Խորհրդարանը մեզ համար նպատակ չէ, խորհրդարանը մեզ համար միջոց է։ Մենք բազմաթիվ հնարավորություններ ենք ունեցել պետական պաշտոններ զբաղեցնելու՝ թե հեղափոխությունից հետո, նախկին համակարգը ևս մեծ երազանքներ կունենար, որ կարողանար մեզ փողոցներից տեղափոխել դեպի իր դաշտ, բայց մենք մեզ հարմարավետ ենք զգացել նաև ոչ կառավարական, ոչ խորհրդարանական բլոկներում, փողոցում։ Մենք մեր օրակարգերը կարողացել ենք առաջ մղել փողոցում, առաջ մղել գրասենյակում մտավոր աշխատանքի վրա հիմնված գործունեությամբ, պատրաստ ենք առաջ մղել խորհրդարանում լինելու պարագայում, պատրաստ ենք առաջ մղել մեր ձևավորած կառավարության պարագայում։ Այսինքն՝ ցանկացած միջավայր մեզ համար հարմարավետ է, եթե խոսքը գնում է մեր ծրագրերը և գաղափարները կյանքի կոչելու, հանրային համերաշխություն և սոցիալական համերաշխություն հաստատելու մասին», – ընդգծեց Նահապետյանը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ