ԱԺ «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Սասուն Միքայելյանը չի ցանկանում մերժել իր մարտական ընկերներին և առաջադրվելու է ԵԿՄ նախագահի պաշտոնում: Խորհրդարանում պատասխանելով լրագրողների հարցին` ինչո՞ւ է առաջադրվում, նա պատասխանեց. «Ես չեմ ուզում, պահանջ կա: Ես չեմ կարող մերժել իմ մարտական ընկերներին, որոնք այսօր պահանջ ունեն»:
Թե կոնկրետ ի՞նչ փոփոխությունների կենթարկվի ԵԿՄ-ն, Սասուն Միքայելյանը չհստակեցրեց, սակայն ընդգծեց, որ կառույցում անհրաժեշտ են մի շարք փոփոխություններ, այդ թվում` բարձրացնել ազատամարտիկների դերը, ռազմահայրենասիրական դաստիարակությունը և այլն։
Հարցին` հնարավո՞ր է, որ կառույցը քաղաքականացվի, Միքայելյանը բացասական պատասխան տվեց. «Նման բան չի կարող լինել»։
Խոսելով ԵԿՄ կազմի մասին և պատասխանելով հարցին՝ արդյո՞ք Մանվել Գրիգորյանը կշարունակի մնալ ԵԿՄ անդամ, նա պատասխանեց. «Չեմ կարող այդ հարցին պատասխանել, երբ կձևավորվի Երկրապահը, նոր անդամներ են լինելու, նոր մարդկանցով: Բնական է՝ հին տղերքից էլ կմնան: Ժամանակը ցույց կտա»։
Անդրադառնալով իր թեկնածության վերաբերյալ հնչած քննադատություններին՝ Միքայելյանը նշեց. «Ամեն մեկը կարող է իր կարծիքն ունենալ, ու երբ ես ընտրվեմ վարչության նախագահ, այդ ժամանակ էլ պարզ կլինի, թե ինչ փոփոխություններ են լինելու։ Բայց երկնքից աստղեր եմ իջեցնելու»: