Սեպտեմբերի 28-ն աշխարհում նշվում է՝ որպես տեղեկատվության համընդհանուր մատչելիության միջազգային օր: Այս առիթով ՄԻՊ-ը հաղորդագրություն է տարածել.
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Սեպտեմբերի 28-ն աշխարհում նշվում է՝ որպես տեղեկատվության համընդհանուր մատչելիության միջազգային օր:
Մեր երկրի Սահմանադրությունը երաշխավորում է կարծիքի ազատ արտահայտման յուրաքանչյուրի իրավունքը, որը ներառում է սեփական կարծիք ունենալու, ինչպես նաև առանց որևէ մարմնի միջամտության և անկախ պետական սահմաններից` տեղեկատվության որևէ միջոցով տեղեկություններ ու գաղափարներ փնտրելու, ստանալու և տարածելու ազատությունը:
Տեղեկատվության մատչելիությունը նշանակում է տեղեկությունների հասանելիություն յուրաքանչյուրի համար: Այն ենթադրում է ներառական գիտելիք ու ներառական հասարակություն:
Ժամանակակից աշխարհում թվային միջավայրը զարգանում է բարձր արագությամբ: Թվային տեխնոլոգիաները դառնում են տեղեկության կարևորագույն աղբյուր՝ փոխարինելով տեղեկության ավանդական աղբյուներին: Այս զարգացումները մի կողմից ապահովում են երկրի զարգացումը և հեշտացնում են մարդու կյանքը, տեղեկության մատչելիությունը դարձնում առավել արդյունավետ, մյուս կողմից՝ առաջ են բերում անհավասարություն:
Ուստի, պետությունը պետք է ապահովի տեղեկատվության արդարացի հասանելիություն բոլորի համար՝ նոր տեխնոլոգիաների զարգացմանը համահունչ:
Տեղեկությունը պետք է հասանելի լինի հաշմանդամություն ունեցող յուրաքանչյուր մարդու համար: Այն, որ մարդն ունի հաշմանդամություն, չի նշանակում, թե նա պետք է զրկվի իրեն հետաքրքրող տեղեկությունների ինքնուրույն, արժանապատվորեն ծանոթանալու հնարավորությունից:
Այս օրվա հետ է կապվում նաև խոսքի և լրատվամիջոցների ազատությունը, քաղաքացիական հասարակության ու հատկապես երիտասարդության դերը, նոր սերնդի ներգրավվածությունը հասարակական կյանքին:
Տեղեկատվության մատչելիությունն է երաշխավորում քաղաքացիական վերահսկողությունը պետության նկատմամբ»: