Սերժ Սարգսյանը պատրաստվում է մամուլի ասուլիս հրավիրել

Այսօր «Եռաբլուր» զինվորական պանթեոն է այցելել նաև ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:

Նա ծաղիկներ է դրել սպարապետ Վազգեն Սարգսյանի, Զորավար Անդրանիկի շիրիմներին, հետո ապրիլյան հերոսների շիրիմներին մի-մի փունջ ծաղիկ է դրել և խոնարհվել: Եռաբլուրում Սերժ Սարգսյանին ուղեկցում էին ՀՀԿ-ական նախկին պատգամավորները, այդ թվում՝ Վիգեն Սարգսյանը, Վահրամ Բաղդասարյանը, Արմեն Աշոտյանը, Սամվել Նիկոյանը։

Սերժ Սարգսյանին լրագրողները բազմաթիվ հարցեր ուղղեցին՝ Դավիթ Տոնոյանի հայտարարության, ներկայիս բանակցային գործընթացի, ապրիլյան պատերազմի որոշ հանգամանքների ուսումնասիրության, ներքաղաքական անցուդարձի վերաբերյալ, սակայն  հանրապետության նախկին և ՀՀԿ ներկա նախագահը չէր պատասխանում:

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, տեսնելով, որ չնայած Սերժ Սարգսյանի լռությանը, լրագրողները շարունակում են հնչեցնել իրենց հարցերը, արձագանքեց․ «հարգելի՛ լրագրողներ, ձեր բոլոր հարցերին ես պարոն Սարգսյանին ճանապարհելուց հետո կպատասխանեմ»: Սակայն, լրագրողները հիշեցրին Աշոտյանին, որ ասում էր՝ «ես Սերժ Սարգսյանի հետ մտերիմ եմ, բայց իրավասու չեմ պարոն Սարգսյանի անունից խոսելու»:

Աշոտյանն արձագանքեց, որ ինքը Սերժ Սարգսյանի անունից չի խոսելու, այլ նրա թույլտվությամբ: Իսկ թե ինքը՝ երրորդ նախագահը ե՞րբ է խոսելու, արդյոք այս մոտ մեկ տարվա լռությունը բավարար չէ՞ր, Աշոտյանը պարզաբանեց, որ Սերժ Սարգսյանը ամենայն հավանականությամ ասուլիս կհրավիրի, քանզի դժվար է պատկերացնել, որ մեկ հարցազրույցով հնարավոր կլինի նրանից ակնկալվող բոլոր հարցերի պատասխանները ստանալ: Նա նշեց նաև, որ Սերժ Սարգսյանի առաջնորդական խոսքը դառնալու է Հայաստանի քաղաքական օրակարգի բաղկացուցիչ մաս։

Հարցին՝ երբ եք խոսելու, Սերժ Սարգսյանը պատասխանեց. «Երբ ժամանակը գա»: Լրագրողները հարցրին՝ քաղաքացիները Ձեր հրաժարականի օրը որպես տոն են նշելու, ի վերջո ձեզ հետաքրքիր չէ՞ ինչու հարյուր հազարավոր քաղաքացիներ Ձեզ մերժեցին՝ Սերժ Սարգսյանը շրջվեց եւ հետաքրքրվեց՝ իսկ ո՞վ է այդ ձայնով խոսողը:

 

 

Ամենաթարմ