«Սերժ Սարգսյանը Ռոբերտ Քոչարյանի դեմ ցուցմունք չի տվել: Ամենավառ երևակայություն ունեցող անձը հազիվ թե կարողանա այդ ցուցմունքն օգտագործել պարոն Քոչարյանի դեմ»,- այսօր՝ մարտի 13-ին, լրագրողներին ասաց ՀՀ երկրորդ նախագահի պաշտպան Հայկ Ալումյանը:
Փաստաբանը մանրամասնեց, որ Սերժ Սարգսյանը տվել է ցուցմունք միայն գործի առնչությամբ և ոչ թե Ռոբերտ Քոչարյանի դեմ:
«Էլի պետք է կրկնեմ, որ հավանաբար այսօրվա մեր վարույթ իրականացնող մարմինը և դատախազությունը հույս են դրել, որ գործը դատարան ուղարկելուց հետո անհրաժեշտ ճնշումներ կլինեն դատավորի նկատմամբ, ու էս գործը, այսպես ասած, կանցկացնեն դատարանով: Ուրիշ ոչ մի ողջամիտ բացատրություն չեմ կարողանում տեսնել էս աստիճան անհեթեթ մեղադրանք առաջադրելու հետ կապված»,-ասաց Հայկ Ալումյանը: