Սևանա լճի ջրային հաշվեկշռի հիմնական բաղադրիչներն են գետերով ներհոսքը լիճ, տեղումները լճի մակերևույթի վրա, Արփա – Սևան ջրատարով լիճ տեղափոխված ջրաքանակը, ստորերկրյա ներհոսքը լիճ, գոլորշացումը լճի մակերևույթից, ստորերկրյա արտահոսքը լճից և լճից բացթողնված ջրի քանակը (Հրազդան գետով):
Սևանա լճի ջրային հաշվեկշռի մուտքի ամենամեծ բաղադրիչը համարվում է գետային ներհոսքը, իսկ գոլորշացումը լճի մակերևույթից ջրային հաշվեկշռի ելքի և առհասարակ լճի ջրային հաշվեկշռի ամենամեծ բաղադրիչն է։
2025 թվականի ընթացքում գետերով Սևանա լիճ ներհոսքը կազմել է 574.40 մլն մ³, որը կազմում է նորմայի 76%-ը։ Մթնոլորտային տեղումների քանակը լճի մակերևույթի վրա կազմել է 383.30 մլն մ³ (նորմայի 76%), ստորերկրյա ներհոսքը լիճ կազմում է 94.20 մլն մ³, իսկ Արփա-Սևան ջրատարով Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 120.065 մլն մ³ (2024 թվականի համեմատ 65.081 մլն մ³-ով պակաս):
2025 թվականի ընթացքում գոլորշացումը լճի մակերևույթից եղել է 1193.30 մլն.մ³, որը կազմում է նորմայի 110%-ը։
2025 թվականի ընթացքում Սևանա լճից բացթողնված ջրի քանակը (ըստ Գեղամավան դիտակետի տվյալների) կազմել է 180.965 մլն.մ³, որը 49.927 մլն.մ³-ով ավել է եղել 2024 թվականին լճից բացթողնված ջրի գումարային ծավալից (131.038 մլն.մ³): Ստորերկրյա արտահոսքը լճից կազմում է տարեկան 14.4 մլն մ³։
Քանի որ տարվա կտրվածքով ջրային հաշվեկշռի ելքի բաղադրիչների մեծությունները գերազանցել են մուտքի բաղադրիչների մեծություններին, արդյունքում լճում ջրի ծավալի փոփոխությունը ունեցել է բացասական արժեք և կազմել է -216.6 մլն.մ³, որը համարժեք է լճի ջրի մակարդակի 17 սմ-ով նվազմանը։
2025 թվականի հունվարի 1-ին Սևանա լճի մակարդակը կազմել է 1900.39 մ, լճի մակերեսը 1277.464 կմ², իսկ լճի ծավալը 38.04 կմ³, իսկ տարեվերջին՝ դեկտեմբերի 31-ի դրությամբ համապատասխանաբար՝ 1900.22 մ, 1275.847 կմ² և 37.82 կմ³։

