Սևանում՝ ջրիմուռների կուտակման վայրում, լողալ չի կարելի․ Բարդուղ Գաբրիելյան

Սևանի՝ ջրիմուռների կուտակման տեղերում լողալ չի կարելի, և դա անհերքելի փաստ է։ Այս մասին այսօր՝ հուլիսի 17–ին, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Բարդուղ Գաբրիելյանը։

«Ոչ ոք չի կարող հերքել այդ փաստը, չի կարող ասել, որ ջրիմուռների կուտակման վայրում անվնաս է լողալ, կամ առավել ևս խմել այդ ջուրը։ Բայց ես չեմ ասել, որ ամբողջ լճում չի կարելի լողալ, քանի որ այդ ջրիմուռների ծաղկումը, այդ թույնը տարածված է ողջ լճում։ Ես ինքս լողացել եմ Սևանի այն հատվածում, որտեղ չկան ջրիմուռներ, ինչպես տեսնում եք, ինձ ոչինչ չի եղել»,-ասաց նա։

Ըստ Գաբրիելյանի՝ ստեղծվել է մի իրավիճակ, երբ խնդրին անծանոթ մարդիկ ծայրահեղությունների մեջ են ընկնում և ասում են, որ չի կարելի ընդհանրապես լողալ, Սևանը մահացել է։

«Ծայրահեղ կարծիքներ են հնչում չիմացության պատճառով, նույնիսկ ասում են լիքը ինքնամաքրվում է, մեկ ուրիշն ասում է, Սևանը մահանում է։ Ինչի՞ վրա են հիմնվում, ես չգիտեմ։ Պետք է հասկանալ, որ կան մասնագետներ, մասնագիտացված կազմակերպություններ, որոնք պատասխանատու են դրա համար։ Ամեն մեկը պետք է իր գործով զբաղվի»,-ասաց նա։

Հարցին, իսկ պետք է արդյոք լսել «Սևան» ազգային պարկի տնօրենի կարծիքը լճի վիճակի վերաբերյալ, Գաբրիելյանն ասաց, որ առաջին հերթին,ազգային պարկի տնօրենից պետք է հացրնել արդոք այդ ուղղությամբ ուսումնասիրություններ արվել են։

«Իրենք օգտագործում են մեր ուսումնասիրությունների արդյունքները, իրենք չունեն մասնագետ, որը որոշում է քանի բջիջ է մեկ միլիմետր ջրում ջրիմուռների ծաղկման ժամանակ։ Էլի թող հարցնեն, իրենց անունից ցույց տան, համաձայն ենք»,-հավելեց Բարդուղ Գաբրիելյանը։

Ամենաթարմ