fbpx
Սպորտ

Շախմատը օգնում է շատ հեշտ հարմարվել կյանքի տարբեր իրավիճակներին․ Մարիա Գևորգյան

Օրերս Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի կենտրոնական տանը տեղի ունեցած շախմատի կանանց Հայաստանի առաջնությունը ավարտվեց Մարիա Գևորգյանի հաղթանակով: Վերջինս առաջին տուրում կրած պարտությունից հետո տարավ 5-րդ, 6-րդ, 7-րդ հաղթանակը, իսկ 8-րդ անընդմեջ հաղթանակից հետո դարձավ Հայաստանի չեմպիոն: Azat.tv-ն զրուցել է չեմպիոնի հետ, տեղեկացել հետագա անելիքների, ինչպես նաև 2020 թվականին կայանալիք օլիմպիադայից սպասումների մասին:

Դուք այս տարի նվաճեցիք քառակի չեմպիոնի տիտղոսը։ Սպասելի՞ էր արդյոք նման ելքը Ձեզ համար, նամանավանդ երբ առաջին փուլում անսպասելի պարտություն կրեցիք։

Ճիշտն ասած, անցած տարի ավելի սպասելի էր, քան այս տարի, որովհետև մրցաշարում անհաջող ելույթներ եմ ունեցել, ու ինչ-որ չափով ես էլ լավ չէի պատրաստվել հատուկ մրցաշարին։ Որոշել էի պարզապես գնալ ու խաղալ, ինչպես կստացվեր։

Առաջին պարտիան ուզում էի հաղթել, երբ ոչ-ոքիի հնարավորություն ունեի պարտված դիրքից հետո։ Երբ պարտությամբ ավարտեցի, որոշեցի չլարվել, ուղղակի խաղալ, չէի մտածում արդեն արդյունքի մասին։

Ուրեմն՝ Ձեր փայլուն հաղթանակով վերահաստատեցիք Ձեր տեղը Հայաստանի ազգային հավաքականի կազմում։ Իսկ ինչպիսի՞ սպասումներ ունեք օգոստոսին Մոսկվայում կայանալիք օլիմպիադայից։

Ես և աղջիկները կանենք հնարավորը, որ ամենալավ մարզավիճակում լինենք։ Այս տարի շատ ցավալի էր, որ Եվրոպայի թիմային առաջնությունում չկարողացանք մեդալ վերցնել, իսկ Բաթումում աղջիկները կրկին ցավալի ձևով մեդալ չվերցրին։ Շատ անակնկալ էր, որ չկարողացան։

Այս տարի հուսով եմ, որ վերջին խաղերի անհաջողությունները ինչ-որ փոփոխություն կբերեն, և ավելի լավ կստացվի, ու գոնե առաջին եռյակում կլինենք։

Քանի տարի է՝ շախմատը ներառված է հանրակրթական ուսումնական համակարգում։ Ըստ Ձեզ՝ արդյո՞ք արդարացված է այդ քայլը, և ամեն երեխա կարող է ընկալել շախմատը ու հաջողություններ գրանցել։

Կարծում եմ, որ ժամանակի հետ համահունչ՝ պետք է կրթական համակարգն էլ փոխվի։ Մարդկանց համար նոր է, որ շախմատը կրթական համակարգում է։ Կարծում եմ՝ հենց շախմատի նման առարկաներն են այժմ պետք երեխաներին, որովհետև նրանք ավելի ստեղածագործ կդառնան, մտածել կսովորեն, ինչ-որ չափով արդարություն կլինի, քանի որ խաղ է։

Հիմա երեխաները դժվարանում են տնայինները կատարելիս։ Երբ արդեն մի սերունդ փոխվի, և ծնողները լինեն այն երեխաները, որոնք դպրոցում շախմատ անցել են, չեն դժվարանա իրենց երեխաներին օգնելիս, և կարծում եմ՝ շախմատը կամրապնդի իր դիրքերը։ Համենայն դեպս համոզված եմ, որ կրթական համակարգում Շախմատ առարկան օգուտ կարող է բերել երեխաներին ոչ միայն Հայաստանում, այլ նաև արտասահմանում։

Ասում են՝ մասնագիտությունը ազդում է մարդու բնավորության վրա, իսկ ի՞նչ ազդեցություն է ունեցել շախմատը Ձեզ վրա։

Շախմատը օգնում է շատ հեշտ հարմարվել կյանքի տարբեր իրավիճակներին՝ թե՛ երկիրը փոխելիս, թե՛ այլ փոփոխության դեպքում։ Ավելի առաջ ենք նայում, ավելի հանդուրժող ենք, ավելի համբերատար, ավելի նպատակասլաց։ Էմոցիաները ավելի կառավարելի են դառնում մեզ համար։ Ես սա վստահությամբ կարող եմ ասել շախմատիստների համար։

Ի՞նչն է ոգեշնչել Ձեզ զբաղվել շախմատով։ Ձեր ընտանիքում կայի՞ն շախմատով զբաղվողներ։

Շախմատով զբաղվողներ չկային։ Ինչպես սովորական հայկական ընտանիքներում, մեր ընտանիքում ևս սիրում էին շախմատ։ Պարզապես պապիկիս հետ երբեմն երեկոյան ժամանցի համար խաղում էինք։ Ձմռանը, երբ փողոցում ժամանակ չէինք անցկացնում ընկերական  խաղերի համար, հնարավոր է՝ ես ինչ-որ շախմատի գիրք վերցնեի ու խնդիրներ լուծեի։ Հետո իմացա, որ կան երեխաներ, որ շախմատով են զբաղվում, գնում են հատուկ խմբակներ, ու այդ ժամանակից խնդրեցի, որ ինձ էլ տանեն շախմատի խմբակ։

Շախմատից դուրս Մարիան ինչպիսի՞ մարդ է, ինչպիսի՞ երաժշտական նախասիրություններ ունի և արդյո՞ք մասնակցում է Հայաստոնում մշակութային կյանքին ու հետևում զարգացումներին։

Հայաստանի համար չեմ կարող ասել, բայց միջազգային արվեստի պատմություն շատ եմ ուսումնասիրում։ Երաժշտությունենից սիրում եմ ջազ, 60-ականների հիթեր, Փինկ Ֆլոյդ, Լեդ Զեփլին։ Չնայած ամեն ինչ կարող եմ լսել, բայց իմ նախընտրածը երևի նշածս երգերը կլինեն։

Եթե գեղեցիկ է, ես չեմ կարող վատաբանել։ Ինչ գեղեցիկ է ինձ համար, նաև ընդունելի է։ Երբ ճանապարհորդում եմ, փորձում եմ ինչ-որ հետաքրքիր արվեստի կենտրոն գտնել և անպայման այցելել։ Շուտով Իտալայում կլինեմ, կփորձեմ նաև այցելել Հռոմում։

Արդյո՞ք շախմատի Ձեր գիտելիքները և հմտությունները օգնում են առօրյա կյանքում մարդկանց հետ փոխհարաբերություններում։

Եթե նույնիսկ օգնում են, հնարավոր է՝ ես չզգամ, այդ պատճառով չեմ կարող հարցին հստակ պատասխան տալ։

Կարծում եմ՝ ինչ որ չափով այո։ Չնայած, երբ ընկերուհիս գալիս է ԱՄՆ-ից, իրեն միշտ ասում եմ, որ ընկերներին չասի՝ ես շախմատ եմ խաղում, քանի որ դա մանիպուլացնում է մարդկանց։

Ինչ-որ չափով կարող է օգնել, բայց չեմ կարծում, որ շատ-շատ է օգնում։

Հարցազրույցը՝ Անուշ Լալայանի

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ