Շիրակի մարզի ՊՈԱԿ-ների 4620 աշխատակիցներ 2025-ի ավարտին ստացել են պարգևավճար, որը կազմել է 443 մլն 807 հազար դրամ: Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ այն ՊՈԱԿ-ները, որոնք տնտեսել են գումար, հնարավորություն են ստացել իրենց աշխատակիցներին պարգևատրել: Այս պարգևավճարները հիմնականում բաժանվել են մանկավարժներին, որոնց թիվը հասնում է 3085-ի:
Բացի մանկավարժներից, պարգևավճար է ստացել նաև 1535 վարչական և սպասարկող անձնակազմի ներկայացուցիչ, այդ թվում 141 մշակույթի և սպորտի բնագավառի աշխատակից: Այս հատկացումները նպատակ ունեն մարզի կրթամշակութային բնագավառի աշխատակիցների շրջանում համակրանք առաջացնել դեպի մարզպետը եւ գործող իշխանությունները՝ նրանց ցածր վարկանիշի պայմաններում:
Նշենք, որ մարզպետ Դավիթ Առուշանյանի կողմից այս թվերի ներկայացումը միտված է նաեւ հանրային ուշադրությունը բևեռել Նիկոլ Փաշինյանի ու նրա գլխավորած վարչախմբի դրական արդյունքների վրա՝ ակնկալելով, որ ՀՀ գործող կառավարության նկատմամբ եղած հանրային անվստահության պայմաններում այդպիսի թվերի ներկայացման հետևանքով 2026 թ․ ընտրություններում իրենց կուսակցությունը կկարողանա ստանալ մի քիչ ավելի շատ ձայներ։

