Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը, հանդիսանալով Շուշիի տեխնոլոգիական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ, հունիսի 23-ին հրավիրել է խորհրդի նիստ։ Այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Նիստի օրակարգում ընդգրկված էին Շուշիի տեխնոլոգիական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նոր կազմ ձևավորելու հարցը, որը պայմանավորված է գործող կազմի լիազորությունների ժամկետը լրանալու հանգամանքով, ինչպես նաև բուհի կանոնադրության մեջ փոփոխություններ մտցնելու և շենքային պայմանների լուծման հետ կապված հարցերը։
Ի լրումն օրակարգում ընդգրկված հարցերի՝ նախագահը հանձնարարել է ԱՀ պետնախարարին առաջիկա ժամանակահատվածում ստեղծել աշխատանքային խումբ, որը կզբաղվի Արցախում բարձրագույն կրթական ոլորտի զարգացման ընդհանուր քաղաքականության, ինչպես նաև այդ ուղղությամբ կարճաժամկետ և երկարաժամկետ ծրագրերի մշակման հարցերով։ Երկրի ղեկավարը հանձնարարել է նաև ուսումնասիրել արցախցի ուսանողների համար Արցախից դուրս բարձրագույն մասնագիտական կրթություն ստանալու հնարավորությունների ձևավորման ուղիներն ու միջոցները։ «Կրթությունը մեր երկրի զարգացման ռազմավարական ուղղություններից մեկն է, այդ իսկ պատճառով ցանկացած կրթական ծրագիր պետք է իրականացվի միայն կարիքների գնահատման և առկա հնարավորությունների ու խոչընդոտների խորքային հետազոտության արդյունքում»,-ընդգծել է Արայիկ Հարությունյանը։