fbpx
Տնտեսություն

Միայն սննդամթերքը թանկացել է 17,1 տոկոս. Սուրեն Պարսյան

Տնտեսագետ Սուրեն Պարսյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.  

«2022 թվականի հունիս ամսին գրանցվել է երկնիշ՝ 10,3 տոկոս գնաճ։ Միայն սննդամթերքը թանկացել է 17,1 տոկոս։
Անշուշտ, այս թանկացումը պայմանավորված ոչ միայն արտաքին, այլ նաև ներքին գործոններով։ Օրինակ՝ ներքին գործոններից մեկը այն է, որ հունվար-հունիսի ամիսներին կոմունալ ծառայությունների 4,9 տոկոսանոց գնաճն ավտոմատ ավելացրել է Հայաստանում արտադրվող և մատուցվող ապրանքների ու ծառայությունների ինքնարժեքները։

Հիշեցնեմ, որ 2022 թվականի հունվարի 1-ից 20 դրամով կամ 11 տոկոսով թանկացավ ջրի սակագինը, փետրվարի 1-ից միջինը 4,7 դրամով կամ 8 տոկոսով թանկացավ էլեկտրաէենրգիայի սակագինը, իսկ արդեն ապրիլի 1-ից 4.7 դրամով կամ 4 տոկոսով բարձրացավ բնական գազի սակագինը։

Հունիս ամսվա բարձր գնաճի վրա մեծ ազդեցություն է թողել նաև գյուղատնտեսության ոլորտի շարունակվող անկումը, մասնավորապես՝ 2022 թվականի առաջին եռամսյակի ընթացքում գյուղ ոլորտի անկումը կազմել է 5,4 տոկոս։ Այս իրավիճակում կանխատեսելի էր բանջարեղենի գների 45,8 տոկոսանոց գնաճը, իսկ մրգերի դեպքում գնաճը կազմում է 16,2 տոկոս։

Արդեն բոկորին պարզ է, որ Հայաստանի կենտրոնական բանկը արդեն երկրորդ տարին է, որ ձախողում է իր դրամավարկային քաղաքականությունը։ Այս տարվա համար ԿԲ-ն կանխատեսում էր 4 տոկոսանոց գնաճ, այն դեպքում, երբ փաստացի գնաճի տեմպը կրկանակի ավել է։ Նույնիսկ ԿԲ-ի կողմից խրախուսվող թանկ դրամի քաղաքականությունը ի վիճակի չէ լուծել Հայաստանի գնաճի խնդիրը, բայց անհեռատես այդ քաղաքականությունը մեծ վնասներ է հասցնում մեր տեղական արտադրողներին և արտահանողներին, ինչի պատճառով կարող են փակվել հազարավոր աշխատատեղեր։

Բարձր գործազրկության և աղքատության պայմաններում մարդիկ պարտադրված են իրենց եկամտի մեծ մասը ծախսել զուտ սննդամթերք ձեռք բերելու համար։ Նույնիսկ այդ պարագայում վերջին ամիսների ընթացքում Հայաստանում 80000-ով ավելացել է թերսնված մարդկանց թիվը։

Հարկ է նշել, որ ՀՀ կառավարության ուշացած և ոչ հասցեական սոցիալական ծրագրեր չեն կարողանալու մեղմել մեր հասարակության աղքատացման գործընթացը։

ԱՌԱՋԱՐԿ․ գործող իշխանությունները պետք է ամբողջությամբ փոխեն սոցիալ-տնտեսական և դրամավարկային քաղաքականության համար պատասխանատու պաշտոնյաներին։ Անհրաժեշտ է ձևավորել հակաճգնաժամային կառավարություն, որը կմշակի և կյանքի կկոչի ոլորտային նոր քաղաքականություններ-»գրել է Պարսյանը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ