Հարավային Կորեայի Սեուլի Կենտրոնական դատարանը պատմական վճիռ է կայացրել՝ ցմահ ազատազրկման դատապարտելով 33-ամյա Քիմ Նոկ-վանին, ով ղեկավարել է թվային սեռական շահագործման ցանց։ Նրա գործունեության արդյունքում ավելի քան 260 մարդ դարձել է զոհ, այդ թվում՝ տասնյակ անչափահասներ։ Դատարանը նշել է, որ Քիմի հանցագործությունների լրջությունը պահանջում է նրա «մշտական մեկուսացում հասարակությունից»։
Հետաքննության տվյալներով՝ Քիմը սոցիալական ցանցերում ակտիվ երիտասարդ կանանց և փակ Telegram խմբերին միանալ ցանկացող տղամարդկանց շանտաժի ու սպառնալիքների միջոցով ներգրավում էր իր ցանցում։ Շատերին ստիպում էր նոր զոհեր ներգրավել՝ ձևավորելով պիրամիդային սխեմա, որի արդյունքում տարածվել է ավելի քան 1700 սեռական բնույթի տեսանյութ ու պատկեր, որոնցից 260-ը օգտագործվել է զոհերին ու նրանց հարազատներին շանտաժ անելու համար։ Դատական գործի ընթացքում պարզվել է, որ նա բռնության ու շանտաժի է ենթարկել 16 մարդու՝ այդ թվում 14 անչափահասի։
Այս գործը դարձել է Հարավային Կորեայի ամենախոշոր դատավարությունը թվային սեռական հանցագործությունների ոլորտում։ Դատական վճիռը ընդգծում է, որ նման հանցագործությունների հետևանքները հաճախ անդառնալի են՝ հատկապես անչափահասների համար, քանի որ թվային տարածքում տարածված նյութերը գրեթե անհնար է ամբողջությամբ ջնջել։ Այս գործը Հարավային Կորեայում նոր քննարկումներ է առաջացրել թվային սեռական բռնության դեմ պայքարի և զոհերի իրավունքների պաշտպանության ուղղությամբ։

