Առողջապահություն

Ո՞ր սովորություններն են սպանում սիրտը

Ծխելը, ալկոհոլը, սուրճը, թերի սնվելը և քնի կանոնավոր բացակայությունը սպանում են սիրտը, «Մոսկվա 24»-ին ասել է սրտաբան, Ռուսաստանի Դաշնության վաստակավոր բժիշկ Յուրի Սերեբրյանսկին։

Մասնագետը նշում է, որ ծխելու ժամանակ մարդու սրտի զարկերը փոխվում է, արյան անոթները նեղանում են։ Բացի այդ, ծխողների մոտ ավելի արագ է աթերոսկլերոզ զարգանում:

«Մենք հետեւում էինք, թե ինչպես է փոխվում սրտի հաճախությունը, երբ մարդը ծխում է: Հիվանդի զարկերակն ավելանում էր մինչև 120–140 զարկ/րոպե։ Դա սրտի մաշեցում է: Եվ դրան գումարած աթերոսկլերոզը, և դա ազդում է նաև վեգետատիվ նյարդային համակարգի վրա, որը կարգավորում է անոթների տոնուսը: Այնպես որ, ծխելը կարող է նաև տարբեր առիթմիաների հանգեցնել»,- ասել է սրտաբանը։

Չնայած ալկոհոլի առավել և պակաս վնասակար չափաբաժիններ գոյություն ունեն՝ ամեն դեպքում այդ ըմպելիքները թունավոր ազդեցություն են ունենում սրտի վրա, ընդգծել է բժիշկը։ Նա առանձնացրել է գարեջուրը, քանի որ մարդիկ ամենից հաճախ չարաշահում են փրփրուն ըմպելիքները։

«Կա նաև, այսպես կոչված, գարեջրային սիրտ և սրտի ալկոհոլային վնասում՝ սրտամկանի դիստրոֆիայի տեսքով։ Պատահում է, որ սիրտը փոխվում է, դրա մկանային բջիջները կարծես տարածվում են։ Այն ընդարձակ, մեծ ծավալների և մեծ չափերի է դառնում։ Դա կոչվում է դիլատացիոն կարդիոմիոպաթիա: Դա ի վերջո սրտի անբավարարության է հանգեցնում»,- նախազգուշացնում է մասնագետը։

Եւս մի վատ սովորություն չափից շատ ուտելն է՝ հատկապես, երբ խոսքը միս ու ճարպ ուտելու մասին է: Սննդակարգում մեծ քանակությամբ ոչ պիտանի սննդի առկայությունը և, որպես հետևանք, մարմնի ավելորդ քաշը սրտի վնասման, դրա ճարպային դեգեներացիայի զարգացման և, ի վերջո, սրտի անբավարարության են հանգեցնում, նշել է Սերեբրյանսկին։

Չափից շատ սուրճը եւս վնասակար է։ Դա կարող է առիթմիայի եւ սրտի անբավարարության զարգացման հանգեցնել, շարունակել է սրտաբանը։

«Քնի պակասը, քնի ռեժիմի և արթնության խանգարումները նույնպես կարող եք առիթմիայի հանգեցնել։ Գիշերային ժամերին սիրտը պետք է հանգստանա, իսկ դրա փոխարեն ծակում ու սկսում է հաճախակի բաբախել»,- նշել է նա։

Մասնագետը խորհուրդ է տալիս նույն ժամին պառկել քնելու և քնել մոտ 8 ժամ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ