Սոս Սարգսյանի անվան համազգային թատերախումբը Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում բեմադրել է «Հաղթանակի գենեզիս» փաստագրական ներկայացումը. այն նվիրված էր Արցախի հերոս, Հայաստանի Ազգային հերոս, լեգենդար հրամանատար Մոնթե Մելքոնյանի (Ավո) ծննդյան 62-ամյակին:
«Հաղթանակի գենեզիս»-ում ներկայացվել է երեք դերասնների՝ Արման Նավասարդյանի (Շամշադին), Նարինե Գալստյանի (Արցախ) և Վարշամ Գևորգյանի (Երևան) ապրած մանկության, պատերազմյան հիշողությունների, երազանքների, ապրումների և հաղթանակի կերտման մասին:
«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի տնօրեն, դերասան Արման Նավասարդյանն ասել է, որ «Հաղթանակի գենեզիս» ներկայացումը ստեղծվել է դերակատարների հիշողությունների հիման վրա: Այն պիեսի է վերածել Սառա Նալբանդյանը. բոլոր պատմություններն իրական են: Նրա խոսքով՝ ներկայացման ասելիքը ժողովրդի հավատն է հաղթանակի հանդեպ, որը երբեք հայը չի կորցրել:
Դերասանուհի Նարինե Գալստյանի խոսքով՝ Արցախյան պատերազմի ժամանակ իր ընտանիքը տեղափոխվել է Ասկերանի շրջանի Նորագյուղ համայնք:
«Ես պատմում եմ իմ ապրած կյանքի այն հիշողությունների մասին, որոնք երբեք չեմ կարողանալու մոռանալ: Պատերազմի ժամանակ հորս գերի էին վերցրել: Այդ տարիներին շատերի պես ես էլ օրագիր էի պահում և մեր ամեն օրվա ապրումների և իրողությունների մասին գրառումներ էի կատարում: Այս ներկայացման հիմքում ընկած է տարիներ առաջ իմ միամիտ ու պարզ հիշողությունները: Իմ հավատը, որ հայրս անպայման գալու է գերությունից՝ էտ էլ հաղթանակ էր, չնայած ամեն ինչ գնալով վատանում էր. հայրս տուն վերադարձավ: Պատերազմյան տարիներին հաց, ջուր, փայտ բերելը ևս հաղթանակ էր մեզնից յուրաքանչյուրի համար: Այդ ուրախությունից, ապրումներից է, որ այսօր մենք ունենք հաղթանակած ոգի»,-մասնավորապես ասել է Ն. Գալստյանը:
Ըստ Վարշամ Գևորգյանի՝ ներկայացման թեման արդիական է ու անհրաժեշտ՝ նորորյա սերնդի համար: «Մենք խոսում ենք մեր ազնիվ ու արդար պայքարի մասին: Մենք պետք է մեր կերտած հաղթանակները հավերժ պահենք ու պահպաննեք, քանի որ դրա համար մենք շատ թանկ ենք վճարել:
Մենք այն հաջողակ սերնդի ներկայացուցիչներն ենք, ովքեր տեսել ու զգացել են հաղթանակի բերկրանքը՝ լի ուրախություններով ու տխրություններով: Մեր ամենանվիրական երազանքն արդարության զգացումն է»,-ավելացրել է Վ. Գևորգյանը:
Ըստ աղբյուրի՝ Միջոցառմանը ներկա էին ԱՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը, պետական այլ այրեր և այլք: