ՀՀ քրեակատարողական հիմնարկներում ընթացող՝ պահվող անձանց իրավունքների իրացման, պատժի կրման կարգի և պայմանների պահպանման վիճակի ուսումնասիրությունների շրջանակում ՀՀ գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության կողմից հերթական ստուգումներն անցկացվել են ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ-ում:
Ստուգման արդյունքում արձանագրվել են մի շարք խախտումներ: Մասնավորապես՝ փաստվել է, որ «Արմավիր» ՔԿՀ-ում ևս տարածված է խցերում անձանց քնելատեղերն առանց համապատասխան թույլտվության վարագուրապատելու, առանձին դեպքերում՝ կերակրադռնակները ներսի կողմից կպչուն ժապավենով փակելու երևույթը։ Մի շարք խցերում եղել են ներքին կանոնակարգով չթույլատրված սպասքի միջոցներ: Պատժախցերը և կարանտինային բաժանմունքում առկա խցերն ապահովված չեն եղել կենցաղավարման անհրաժեշտ որոշ պարագաներով:
Խախտումներ են արձանագրվել տեսազանգից և զբոսանքի ժամից դատապարտյալների և կալանավորված անձանց օգտվելու ժամանակացույցերի սահմանման, հեռախոսակապից օգտվելու գործընթացի հաշվառման, տեխնիկատնտեսական սպսարկման աշխատանքներում դատապարտյալների ներգրավման պահանջների պահպանման, այդ աշխատանքներում ներգրավված դատապարտյալների կողմից կատարվող աշխատանքների ժամաքանակի և որակի նկատմամբ իրականացվող հսկողության ընթացակարգերի ապահովման, դատապարտյալների ուղղման համար նախատեսված աշխատանքների իրականացման, բացասական վարքագծի հակումներ ունեցող դատապարտյալների հաշվառման ոլորտներում: Չի ապահովվել առանձնակի դաժանությամբ կամ բռնությամբ հանցագործություն կատարած դատապարտյալներին որպես ագրեսիվության, կոնֆլիկտայնության հակում ունեցողներ հաշվառելու գործընթացը, ինչն անհրաժեշտ է նրանց հետ թիրախավորված սոցիալ-հոգեբանական աշխատանքներ իրականացնելու համար:
Ստուգման ընթացքում արձանագրվել է, որ ՔԿՀ-ի խցերի սանիտարահիգիենիկ պայմանները, չնայած ՔԿՀ շենքային ոչ բարվոք վիճակին, հիմնականում համապատասխանել են սահմանված չափանիշներին: Այս ոլորտում խնդիրները կապված են եղել պահվող անձանց տարեկան բուժկանխարգելիչ հետազոտությունների ենթարկելու պարտադիր պահանջի կատարման, բժշկական սպասարկման բաժնում հերթապահության ժամանակացույցի ապահովման, ՔԿՀ ԲՍԲ-ի ստացիոնար բաժանմունքում բուժման մեջ գտնվող հիվանդների նկատմամբ, հաստիքների բացակայության պատճառով, գիշերային անբավարար հսկողության հետ: Պարզվել է նաև, որ բավարար չափով չի ապահովվել ԲՍԲ մասնագետների կողմից ՔԿՀ-ի պատժախցերում գտնված և հացադուլ իրականացնող անձանց կանոնավոր, առանց տևական ընդհատումների այցելելու պահանջը:
Խախտումներ են արձանագրվել նաև ՔԿՀ-ում հանձնուքների ընդունման և հանձման գործընթացում: Պարզվել է, որ պատշաճ հսկողություն չի իրականացվում հանձնուքների մասին դիմումներում ներկայացված տեսականուն և քանակին համապատասխանության նկատմամբ:
Ստուգման շրջանակներում ՀՀ գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետ Գրիգորի Պողոսյանը շրջել է ՔԿՀ-ի բոլոր խցերով, զրուցել բոլոր պահվող անձանց, այդ թվում նաև օտարերկրացիների հետ՝ նրանց հուզող հարցերով տալով պարզաբանումներ, հնարավորության և իրավասության շրջանակներում բավարարելով նրանց խնդրանքները։ Մի քանի դատապարտյալների վերաբերյալ փաստաթղթերը պահանջվել են ՔԿՀ-ի վարչակազմից՝ հետագա ուսումնասիրություն կատարելու նպատակով։ Վարչության պետի կողմից ընդունելություն է կատարվել նաև ՔԿՀ-ում պատիժ կրող 2 ցմահ դատապարտյալների համար: Վերջիններիս կողմից որոշակի խնդիրներ են բարձրացվել իրենց պատժի կրման պայմանների հետ կապված, ինչի վերաբերյալ տրվել են համապատասխան պարզաբանումներ, իսկ ՔԿՀ-ի վարչակազմի կողմից օպերատիվ կերպով միջոցներ են ձեռնարկվել նշված խնդիրները լուծելու ուղղությամբ։
Ստուգման արդյունքներով ՀՀ գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետը ՔԿՀ-ում անցկացրել է օպերատիվ խորհրդակցություն: Քննարկվել են ստուգմամբ արձանագրված խախտումները, դրանց ուղղման հնարավոր միջոցները։ Արձանագրվել է, որ ի հայտ բերված խախտումների մեծ մասը վերացվել է հենց ստուգման ընթացքում: Խորհրդակցության արդյունքներից ելնելով՝ «Արմավիր» ՔԿՀ-ի պետի կողմից ձեռնարկվել են միջոցներ՝ խախտումների մյուս մասը հնարավորինս սեղմ ժամկետներում վերացնելու, հետագայում դրանք բացառելու նպատակով։
ՀՀ գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետի կողմից ընդգծվել է ՔԿՀ-ում պահվող անձանց զբաղվածության ապահովման ոլորտում ՔԿՀ-ի վարչակազմի կողմից կատարված արդյունավետ աշխատանքը և էական դրական տեղաշարժը:
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ դատախազության պաշտոնական կայքից։