ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր ընդունել է «Եվրասիական մայրցամաքի տարանցիկ ներուժը» խորագիրը կրող համաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած Իրանի Իսլամական Հանրապետության ճանապարհների և քաղաքաշինության նախարար Մոհամադ Էսլամիին։
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև համագործակցության հետագա զարգացմանն ուղղված աշխատանքներն ավելի համակարգված կերպով իրականացնելուն առնչվող մի շարք հարցեր:
Նախարար Սուրեն Պապիկյանը բարձր է գնահատել երկու երկրների քաղաքական, տնտեսական և բարեկամական կապի ներկայիս մակարդակը և ընդգծել, որ հայ-իրանական համագործակցության դարավոր պատմությունը մերօրյա աշխարհաքաղաքական բարդ պայմաններում տնտեսական կայուն զարգացման հեռանկարներ է խոստանում։ «Հայաստանը, լինելով Եվրասիական տնտեսական միության անդամ պետություն և ունենալով նպաստավոր աշխարհաքաղաքական դիրք, կարող է տարածաշրջանային կարևոր հանգույցի դերակատարություն ունենալ և իրականացնել մի շարք հավակնոտ ծրագրեր։ Այժմ լայն թափով իրականացվող Հյուսիս-հարավ արագընթաց ավտոմայրուղու կառուցումը մեզ հնարավորություն կտա կարևոր միջանցք ձևավորել Պարսից ծոցի և Սև ծովի նավահանգիստների միջև՝ միևնույն ժամանակ հաղորդակից դառնալ Մետաքսի ճանապարհի և դեպի Հեռավոր Արևելք գնացող շուկաների ընձեռնած տնտեսական ներուժին»,- նշել է նախարարը՝ միաժամանակ արձանագրելով այս կարևոր գործում Իրանի առանցքային դերակատարությունը։
ԻԻՀ ճանապարհների և քաղաքաշինության նախարար Մոհամադ Էսլամին խոսել է Հայաստանի և Իրանի միջև անքակտելի կապի մասին և նկատել, որ հայերի հետ հարևանությունը իրանցի ժողովրդի մոտ բարեկամական զգացողություն է առաջացնում։ Անդրադառնալով երկկողմ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային ծրագրերին՝ նախարար Մոհամադ Էսլամին տեղեկացրել է, որ Իրանը դիտարկում է Հայաստանը Պարսից ծոցի տաք ջրերին և Հնդկական օվկիանոսին կապելու հնարավոր բոլոր տարբերակները։ Զուգահեռաբար նա կարևորել է Հայաստանի միջոցով Ռուսաստանին և Եվրոպային կապվելու իրանական կողմի հեռանկարները՝ պատրաստակամություն հայտնելով ակտիվ ներգրավվել մեր երկրում իրականացվող երկաթուղային և ճանապարհային ենթակառուցվածքների զարգացման ծրագրերում։
Ամփոփելով՝ նախարար Պապիկյանը վերահաստատել է երկկողմ հարաբերությունների ամրապնդման և բոլոր ուղղություններով փոխգործակցության խորացմանը միտված հայկական կողմի պատրաստակամությունը։
Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՏԿԵՆ պաշտոնական կայքից։