ԱԳ նախարար Արա Այվազյանն ընդունել է Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի գլխավորած պատվիրակությանը:
Զրուցակիցներն անդրադարձ են կատարել տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերի լայն շրջանակի: Նախարար Այվազյանը ԵՄ հատուկ ներկայացուցիչ Կլաարին ներկայացրել է Արցախում հումանիտար իրադրության հասեցագրման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը՝ կարևորելով միջազգային գործընկերների ուղիղ ներգրավումը:
Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների կատարման ընթացքի և անհապաղ հասցեագրում պահանջող հումանիտար խնդիրների համատեքստում ՀՀ ԱԳ նախարարը ԵՄ հատուկ ներկայացուցչի ուշադրությունը հրավիրել է Ադրբեջանի կողմից իր ստանձնած պարտավորությունների չկատարման հանգամանքի վրա՝ շարունակելով պատանդառության մեջ պահել հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց:
Երկուստեք կարևորվել է հակամարտության գոտում կրոնական և մշակութային ժառանգության օբյեկտների պաշտպանությունը, ներառյալ՝ համապատասխան միջազգային ներգրավմամբ:
Նախարար Այվազյանն ընդգծել է, որ Ադրբեջանի բարձր ղեկավարության կողմից խրախուսվող հայատյացության քաղաքականությունը, որն արտահայտվում է նաև հայկական քրիստոնեական ժառանգության թիրախավորմամբ և Ադրբեջանի կողմից իրականացված պատերազմական հանցագործությունների փառաբանման համատեքստով «ցուցադրություններով», ուղիղ մարտահրավեր է տարածաշրջանային խաղաղությանը և կայունությանն ուղղված միջազգային ջանքերին:
ԵՄ հատուկ ներկայացուցիչ Կլաարը ՀՀ ԱԳ նախարար Այվազյանին ներկայացրել է Հայաստանի սահմանամերձ մարզեր կատարած այցի և դրա շրջանակներում ունեցած հանդիպումների տպավորությունները: Երկուստեք ընդգծվել էսահմանամերձ բնակավայրերի բնակչության իրավունքների լիարժեք պաշտպանության կարևորությունը: