Տարեվերջյան մտորումներ

Հրապարակող՝

,

mishel de monten

Ամենադիտվածներ

Հայաստանն այս օրերին ապրում է 2026 թ․ սպասումներով։ Նոր տարին իր հետ բերելու է նոր դեպքեր ու իրադարձություններ։ Սպասվող «ալեկոծությունների» մեջ հայ հանրությունը հանդես կգա որպես սուբյեկտ, թե կլինի օբյեկտի կարգավիճակում՝ կրկին կախված է լինելու հենց իրենից։ Այդ տեսանկյունից կարեւոր է եւս մեկ անգամ արձանագրել, որ յուրաքանչյուր կոնկրետ ժամանակաշրջանում կատարվող իրադարձությունները պայմանավորված են նաեւ հանրության ներսում կատարվող տարբեր խմորումներից։ Հենց դրանք են որոշում հանրության վարքը բարդ իրավիճակներում։

Իսկ ինչպե՞ս են առաջանում հանրային այդ խմորումները։

Կարելի է նկատել, որ դա մի գործընթաց է, որտեղ մարդկանց համար ընկալելի (շատ դեպքերում՝ սրտամոտ) ինչ-որ մտքեր այնպիսի տարածում են գտնում, որ գրավում են հանրային մեծ զանգվածների ուշադրությունը։ Այդ մտքերը կարող են ծնվել դժգոհությունից, մարդկանց վերապրած կամ արտաքին աշխարհից վերցված (օտար) փորձի վերաարժեւորումից եւ այլն։

Բայց, մեծամասամբ, զանգվածները շարժվում են այն մտքերի ծիրում, որի հեղինակն իրենք չեն։ Բազում մարդկանց ընկալումներում ընկած է այն սխալ պատկերացումը, թե իրենց արտահայտած տարբեր մտքերի հեղինակներն իրենք են։ Սակայն շատ դեպքերում դա կեղծ պատկերացում է, քանզի մարդիկ ընդհանրապես պատկերացում չունեն, թե ինչպես է աշխատում իրենց ենթագիտակցությունը (կամ՝ անգիտակցականը), ինչպես է «որսում» այս կամ այն միտքը լրահոսից, ինչպես է տարբեր աղբյուրներից մատուցված տեղեկատվությունը յուրացվում իր գլխում ու դառնում հենց իր սեփականությունը։

Ընդհանրապես մտքերի գեներացիա հիմնականում կարողանում են ապահովել երկու աղբյուր։ Առաջինը իշխանություն ունեցող յուրային կամ օտար կենտրոններն են։ Իսկ երկրորդը՝ մտավոր-ստեղծագործական աշխատանքով զբաղվող մարդիկ (վերլուծաբանները, մտավորականները եւ այլն) կամ այդ դիրքերից հանդես եկող «շառլատանները»։

Իշխանությունների իրականացրած մտքերի գեներացիան արտաքնապես երեւում է տեւական քարոզչության եւ նրանց ստեղծած հանրային օրակարգերի միջոցով։ Հայաստանի պարագայում այդ իրադարձությունները մեզ այս պահին քիչ են հետաքրքրում, քանզի դրանք ուղղված չեն հանրային բարիքի ստեղծմանն ու ազգային, պետական շահերի առաջմղմանը։ Ուստի, պարզ է դառնում, որ նման պայմաններում ամենից կարեւորը դառնում են մտավոր աշխատանքով զբաղվող մարդկանց արտահայտած մտքերը։

Բոլոր իրավիճակներում կարեւոր է հասկանալ, թե ինչ են խոսում մտածող մարդիկ, ինչի շուրջ են նրանք սեւեռում հանրային ուշադրությունը։ Հանրային մտքի խմորումների ծանրակշիռ բեռն ընկած է հենց նման մարդկանց ուսերին։

Թվացյալ է այն պնդումը, թե հանրային կյանքում ինքնին ինչ-որ բան կարող է առաջանալ։ Առանց կոնկրետ գաղափարների արժեւորման, մտասեւեռումի, հանրային ուշադրության կենտրոնացման չեն կարող լինել հանրային խմորումներ։ «Ովքե՞ր են խոսում» ու «ի՞նչ են խոսում»՝ այս հարցերը կարեւոր են բոլոր հանրությունների զարգացման կամ հետընթացի աստիճանը հասկանալու համար։

Եթե խոսում են մտավորականները կամ փորձառու հանրային գործիչները ու խոսում են հանրային արժեքներից ու պետության ապագայից՝ դա մի բան է։ Իսկ երբ խոսում են «քաղաքական գործիչները» կամ «շառլատանները» ու խոսում են ներկրվող ցորենի որակից կամ բենզինի գներից՝ բոլորովին այլ բան։

Ասա ովքեր են ազգիդ մտածող մարդիկ, կասեմ՝ ինչ կլինի ազգիդ հետ։ Ասա ինչի շուրջ են նրանց մտածմունքները, կասեմ՝ ինչ խմորումներ կառաջանան հանրության շրջանում։ Կախված թե ում են լսում հանրային շերտերը եւ ում խոսքն ենք արժեւորում՝ դրանից էլ բխում ու կառուցվում է մեր ապագան։

Ամենաթարմ