fbpx
Մշակույթ

Տեղի կունենա դասընթաց ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո գործող Թեհրանի ոչ նյութական մշակութային ժառանգության կենտրոնի հետ համատեղ

Ս. թ. հունիսի 5-11-ը ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո գործող Արևմտյան և Կենտրոնական Ասիայի ոչ նյութական մշակութային ժառանգության տարածաշրջանային հետազոտությունների Թեհրանի կենտրոնի և ՀՀ ԱԳՆ Հայաստանի ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձաժողովի հետ համատեղ Երևանում գտնվող «Մետաքսի ճանապարհ» հյուրանոցում տեղի կունենա «Համայնքների ոչ նյութական մշակութային ժառանգության գույքագրում» թեմայով դասընթաց։

Հայաստանի Հանրապետությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2003 թվականի «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիային միացել է 2006 թվականին։ Այս ժամանակահատվածում կոնվենցիայի կիրարկման ուղղությամբ հսկայածավալ աշխատանքներ են իրականացվել Հայաստանում, որոնք միտված են եղել ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանությանը, պաշտպանությանն ու հանրահռչակմանը։

Տարբեր երկրներում իրականացվող ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության ուղղություններին վերաբերող այդ դասընթացները նպատակ ունեն աջակցել անդամ պետություններին ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության ինստիտուցիոնալ և մասնագիտական միջավայրեր ստեղծելու գործընթացներում։
Նշյալ կոնվենցիայի շրջանակում՝ Թեհրանի կենտրոնի հետ համատեղ, Հայաստանում առաջին անգամ դասընթաց իրականացվել է 2017 թ. «Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության կոնվենցիայի ցանկերի անվանակարգերի պատրաստում» թեմայով։

Նախատեսվող դասընթացը համայնքերում ոչ նյութական մշակութային ժառանգության գույքագրման գործընթացի մասին է, որին կմասնակցեն ոլորտի սկսնակ մասնագետներ, ուսանողներ, հասարակական և մշակութային կազմակերպությունների ներկայացուցիչներ ՀՀ Արագածոտնի, Շիրակի, Վայոց Ձորի, Տավուշի մարզերից և Երևանից, որոնց որոշակի մեթոդական ու գործնական խորհրդատվություն կտրամադրվի թեմայի շրջանակում հետագա աշխատանքներ իրականացնելու ուղղությամբ:

Նախատեսվում է, որ ՀՀ ոչ նյութական մշակութային ժառանգութայն արժեքների ցանկերի կազմման հաստատված չափորոշիչների և ձևաչափերի համաձայն մասնակիցները հետագայում պարբերաբար ՀՀ համայնքների ոչ նյութական մշակութային ժառանգության գույքագրում կիրականացնեն՝ այդ կերպ նպաստելով համայնքներում ոչ նյութական մշակութային ժառանգության ճանաչելիությանը, տեղի ու դերի կարևորմանը, գույքագրված արժեքների պահպանությանն ու հանրահռչակմանը, դրանց ուղղված ծրագրերի կազմակերպմանը։ Ծրագրի իրականացումը կնպաստի նաև ոլորտի պահպանությամբ զբաղվող մասնագետների նոր սերնդի ձևավորմանը։

Ներկա դասընթացը վարելու են ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հավատարմագրված համակարգողներ Ժ. Բլեյքը՝ Թեհրանից և Ս. Սրեցկովիցը՝ Բելգրադից։ Դասընթացում ընդգրկված են թեմայի վերաբերյալ դասախոսություններ, մասնակիցների ելույթներ, թեմատիկ քննարկումներ, գործնական պարապմունքեր կրողների միջավայրում և վարպետության դասեր:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ մշակույթի նախարարության պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ