ՔՏՀԱ տեսչական մարմնի և ագրարային համալսարանի միջև կնքվել է համագործակցության հուշագիր

Ամենադիտվածներ

Հունիսի 9-ին ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեղամ Շախբազյանը և Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր Վարդան Ուռուտյանը կնքել են համագործակցության հուշագիր։

Տեսչական մարմնից արարողությանը մասնակցում էին նաև ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի տեղակալ Աշոտ Շահբազյանը, գեոդեզիայի և հողoգտագործման վերահսկողության վարչության պետի տեղակալ Արմեն Չատինյանը, Հայաստանի ազգային ագրարային համալսարանից՝ Ագրարային ճարտարագիտության ֆակուլտետի դեկան Արման Սիմոնյանը, Կենսագործունեության անվտանգության ամբիոնի վարիչ Հովհաննես Հակոբյանը։

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գ․ Շախբազյանն իր խոսքում նշել է․

«Պետական կառավարման համակարգ-բուհ համագործակցությունը պետք է նպաստի, որ պետական համակարգը կադրային խնդիրներ չունենա, և ուսանողների պրակտիկայի անցկացման միջոցով պետք է պետական համակարգը շահագրգիռ դարձնենք ուսանողների համար։ Մեզ համար կարևոր է, որ պետական կառավարման համակարգը մրցակից լինի մասնավոր սեկտորի հետ, և մենք դրա համար ջանք չենք խնայի, որպեսզի կարողանանք հասնենք այդ մակարդակին»,- ասել է Գ․ Շախբազյանը։

ՏՄ ղեկավարն առաջարկել է ստեղծել աշխատանքային խմբեր՝ համատեղ ծրագրեր իրականացնելու, օրենսդրական փոփոխություններ ներկայացնելու համար։

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր Վարդան Ուռուտյանը շնորհակալություն է հայտնել ՏՄ ղեկավար Գեղամ Շախբազյանին՝ համագործակցություն սկսելու նախաձեռնության համար և ընդգծեց, որ համալսարանը կանի հնարավորը, որպեսզի փոխգործակցությունը կյանքի կոչվի։

«Հուշագրերը կնքվում են, սակայն այդ հուշագրերի հետևում մարդիկ են, ում աշխատանքով պետք է հասնել սահմանված նպատակներին։ Համագործակցության ուղղությունները բազմաթիվ են՝ քաղաքաշինություն, հրդեհային և տեխնիկական անվտանգություն, գեոդեզիա։ Այսօր զարգանում է քաղաքային գյուղատնտեսությունը, և կան բազում քաղաքներ, որտեղ քաղաքաշինությունը, ճարտարապետությունը, բնապահպանությունն ու գյուղատնտեսությունը խաչվում են, ու հետաքրքիր լուծումներ են ստացվում։ Կարծում եմ՝ միասին կկարողանանք պիլոտային հետազոտական աշխատանքներ իրականացնել։ Իսկ մյուս ուղղություններում, հատկապես տեխնիկական ու հրդեհային անվտանգության ոլորտում բավականին փորձ ունենք, և առաջիկայում ուսումնական ծրագրերում հատկապես տեխնիկական անվտանգության բաղադրիչն ավելի է կարևորվելու»,- նշել է Վ․ Ուռուտյանը։

Կողմերի միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ պրակտիկաներ, վերապատրաստումներ անցկացնելու, ատենախոսությունների պաշտպանությանը ՏՄ մասնագետներին ներգրավելու վերաբերյալ։

Ստորագրման արարողությունից հետո ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի կազմը՝ Գ․Շախբազյանի գլխավորությամբ շրջայց է կատարել բուհի պատկերասրահով։

Այս հուշագիրը երկրորդն է բուհերի հետ համագործակցության համատեքստում։ Մինչ այդ՝ մայիսի 31-ին հուշագիր էր ստորագրվել ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի և Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի միջև։

Ամենաթարմ