Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի տնօրեն Սիլվի Բոսութղոն և ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը ստորագրել են «Աջակցություն հակամարտությունից տուժած ընտանիքներին» ծրագրի դրամաշնորհային համաձայնագիրը:
Ծրագրային միջոցները տրամադրվում են Պետականաշինության և խաղաղաշինության բազմակողմանի հիմնադրամի (SPF) կողմից՝ 3.72 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ մեկամյա դրամաշնորհի միջոցով:
Հայաստանի Կառավարությունը մշակել է սոցիալական պաշտպանությանն ուղղված արձագանքման լայն փաթեթ՝ զարգացման գործընկերների և հասարակական կազմակերպությունների աջակցությամբ: Այս ծրագիրը կիրականացվի ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Միասնական սոցիալական ծառայություն» առանձնացված ստորաբաժանման միջոցով: Ծրագրի նպատակն է բարձրացնել հակամարտությունից տուժած ընտանիքների դիմադրողականությունը և նվազեցնել հյուրընկալող ընտանիքների ֆինանսական բեռը՝ հատուկ ուշադրություն դարձնելով կանանց և խոցելի բնակչությանը:
«Ուրախ ենք ստորագրել այս պատեհաժամ համաձայնագիրը՝ Պետականաշինության և խաղաղաշինության հիմնադրամի դրամաշնորհի աջակցությամբ»,- ասել է Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի տնօրեն Սիլվի Բոսութղոն:
Ծրագրի նպատակներն են.
Աջակցել շուրջ 11530 տեղահանված անձանց՝ վճարելով նրանց ամսական դրամական նպաստ նվազագույն աշխատավարձի չափով (68000 դրամ), ըստ Հայաստանում գտնվող չափահասի/երեխայի, մինչև 4 ամիս տևողությամբ:
Ապահովել դրամական օգնություն/եկամտային աջակցություն Հայաստանի 3975 ընտանիքներին, որոնք հյուրընկալել են տեղահանված մարդկանց, հիմնական կարիքները հոգալու նպատակով:
Ժամանակավորապես սուբսիդավորել զբաղվածության ծրագիր 936 տեղահանված անձանց համար, ովքեր ցանկանում են ձեռք բերել աշխատանքային փորձ Հայաստանում և նպաստել նրանց մասնակցությանը աշխատաշուկային և տնտեսական ներգրավվածությանը:
Աջակցել 115 տեղահանված անձանց հանրային աշխատանքների ծրագրի միջոցով (դրամ աշխատանքի դիմաց):
«Ծրագիրը նախատեսված է օգնելու մասնավորապես հակամարտությունից տուժած կանանց»,- ասել է Համաշխարհային բանկի աշխատանքային խմբի ղեկավար Մադալենա Հոնորատին:
Պետականաշինության և խաղաղաշինության հիմնադրամը Համաշխարհային բանկի կողմից կառավարվող գլոբալ հիմնադրամ է` անկայունության, հակամարտության և բռնության իրավիճակներում զարգացման կարևորագույն գործողությունների և վերլուծության ֆինանսավորման համար: Հիմնադրամին սիրով աջակցում են Ավստրալիան, Դանիան, Ֆրանսիան, Գերմանիան, Նիդերլանդները, Նորվեգիան, Շվեդիան, Շվեյցարիան, Միացյալ Թագավորությունը և Համաշխարհային բանկը: