Վերջին տարիներին Թուրքիայում զարգանում է մի գործընթաց, որը կարելի է կոչել «քաթարացում»։ Յուրաքանչյուր նոր որոշմամբ, որտեղ հիշատակվում են «հատուկ պայմաններ Քաթարի համար», Թուրքիան ավելի է հիշեցնում Պարսից ծոցի այդ հարուստ էմիրաթի ֆինանսական մասնաճյուղը։
Մի քանի տարի առաջ արդեն արձանագրվել են բանկերի ու նավահանգիստների, իսկ վերջերս՝ ռազմաարդյունաբերական գործարանների, այնուհետև՝ հողատարածքների վաճառք քաթարական բիզնեսին Ստամբուլի նոր ջրանցքի երկայնքով։ Իսկ 2025 թվականի հուլիսի 30-ին Անկարան անակնկալ քայլ արեց` վերացրեց մաքսատուրքերն ու հավելյալ հարկերը հարյուրավոր քաթարյան ապրանքների համար՝ սկսած ծծմբից ու գազից մինչև ապակի, պլաստիկ և նույնիսկ բնական մորթու տեսակների համար։
Քաթարը դարձել է Անկարայի մշտական դրամապանակը։ Տնտեսության ճգնաժամի պայմաններում, Քաթարի ներդրումները վերածվում են փրկօղակի։ Բանկ, նավահանգիստ կամ հողատարածք՝ ցանկացածը կարող է վերածվել արագ վարկի կամ կանխիկի։ Պատահական չէ, որ թուրքական ընդդիմությունը խիստ ճնշումների ենթարկվեց այն բանից հետո, երբ սկսեց քննադատել մաքսային եկամուտները հանուն էմիրաթի զիջելու պաշտոնական Անկարայի քաղաքականությունը։
Բացի այդ՝ Քաթարը նաև հարմար գործընկեր է արտաքին քաղաքական դաշտում։ Նրա միջոցով Թուրքիան կարող է հավասարակշռել հարաբերությունները Սաուդյան Արաբիայի, Արաբական Միացյալ Էմիրությունների և նույնիսկ՝ Միացյալ Նահանգների հետ։ Մինչ Անկարան խոսում է «անկախ քաղաքականությունից», փաստացի Քաթարն ապահովում է այդ անկախության ֆինանսական հիմքը։
Քաթարի ժեստերն էլ վերջերս առավել շքեղ են դարձել։ Կես միլիարդ դոլարանոց ինքնաթիռ Էրդողանին, մեկ այլ անգամ՝ հիսունից ավելի արաբական ցեղատեսակի նժույգներ։ Իհարկե՝ նվերն ունի իր գինը, թեկուզ այն չգրվի պայմանագրում։
Հավելյալ պետք է նշել, որ Քաթարին արդեն պատկանում են մի շարք թուրքական բանկեր՝ Ֆինանսբանկը, Աբանկը, ինչպես նաև Ստամբուլի ֆոնդային բորսայի տասը տոկոսը։ Քաթարյան կապիտալը ներթափանցել է նաև լրատվամիջոցներ՝ Դիջիթյուրկ, ԲիԷյն սպորց, Իստինյե Պարկ, Բանվիտ։ Շեյխ Մոզայի ընտանիքին են պատկանում հարյուրավոր հեկտարներ Կանալ Ստամբուլի երկայնքով, ինչպես նաև հազարավոր բնակարաններ Թուրքիայում։ Եվ սա միայն պաշտոնապես հայտնի թվերն ու տվյալներն են։
Բայց խնդիրը միայն տնտեսությունը չէ։ Սա նաև արժեքային ու քաղաքական տեղաշարժ է։ Առաջինը՝ հարված է տեղական արդյունաբերությանը, որը չի կարող մրցել զրոյացված մաքսային ռեժիմով ներմուծման հետ։ Երկրորդը՝ ինքնիշխանության նեղացումն է, երբ ռազմավարական ոլորտներն անցնում են օտար պետության վերահսկողության տակ։ Եվ երրորդը՝ երկրի կերպարն է, որը փոխվում է. Թուրքիան դառնում է հարուստ հարևանի շուկա, այլ ոչ թե՝ տարածաշրջանի առաջնորդ։
Սրան գումարվում է ևս մեկ բացահայտ պարադոքս։ Քաթարը միաժամանակ ներդրումներ է կատարում հունական Կիպրոսում և մասնակցում է գազի արդյունահանմանն այն տարածքներում, որոնք Անկարան համարում է «թուրքական Կիպրոսին» պատկանող տարածք։ Խոսք կա, որ անգամ «թուրքական Կիպրոսի» արդեն հաղթանակած նախագահին նույնպես ֆինասավորել է քաթարական կողմը։
Հենց թուրքական ընդդիմությունն այսօր մտավախություն ունի, որ պատմությունը կրկնվում է։ Հարյուր տարի առաջ Օսմանյան կայսրությունն ընդունում էր գերմանական ներդրումներ՝ երկաթուղիներ, վարկեր, ռազմական խորհրդատուներ։ Արտաքուստ՝ բարեկամություն ու առաջընթաց, իրականում՝ շահերի փափուկ նվաճման անվան տակ։ Գերմանացիները կառուցում էին իրենց ճանապարհները, սովորեցնում օսմանյան բանակին, վերահսկում հումքային հարստությունը։ Վերջում այդ գործընկերությունն ավարտվեց պարտությամբ և կայսրության փլուզմամբ։
Այսօր տարբերությունն այն է միայն, որ կայզեր Վիլհելմի փոխարեն Անկարային ժպտում է Քաթարի էմիրը՝ առանց բարձրաձայն հայտարարությունների, բայց նույն հին բանաձևով՝ ներդրման դիմաց ազդեցություն։
Պետք է նկատել, որ Թուրքիայի «քաթարացումը» միայն տնտեսության կամ առևտրի մասին չէ, ու այդտեղ թուրքական ընդդիմությունը չի սխալվում։ Այն արտաքին քաղաքականության նոր ուղղություն է՝ դեպի ֆինանսական կախվածություն՝ ինքնիշխանության թուլացման հաշվին։ Քաթարի մեծ փողերը Թուրքիային տալիս են ժամանակավոր կայունություն, բայց փոխարենը խլում են այն անկախությունը, որի մասին Անկարան այդքան բարձր է խոսում։ Եվ եթե հարյուր տարի առաջ կայսրությունը կորցրեց իր անկախությունը գերմանական կապիտալի միջոցով, ապա այսօր նույն վտանգը վերադառնում է այլ կերպ՝ արաբական ներդրումների փափուկ փաթեթի ձևով։

