ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում հերթական մշակութային միջոցառումն էր, որն ապացուցում է հայաստանյան փակ հաստատություններում հոգևորի և վերասոցիալականացմանն ուղղված աշխատանքների առաջնահերթության փաստը. «Արվեստագետ» կրթամշակութային հանդեսում տպագրվել էին դատապարտյալ Մերուժան Հարությունյանի բանաստեղծությունները, ինչի կապակցությամբ հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի կողմից կազմակերպվել էր միջոցառում:
Միջոցառմանը ներկա էին ոչ միայն հեղինակը, հիմնարկի վարչակազմն ու բանաստեղծություններով հետաքրքրված դատապարտյալներ, այլ նաև Վանաձորի պետական համալսարանի դոցենտ Արտակ Սարուխանյանը, «Լոռու մարզ» թերթի գլխավոր խմբագիր, Լոռու մարզի գրողների միության նախագահ Մանվել Միկոյանը, «Արվեստագետ» կրթամշակութային հանդեսի գլխավոր խմբագիր, ռեժիսոր Իվան Անտոնյանը, «Մշո զարմ» ՀԿ-ի նախագահ, «Արվեստագետ» ամսագրի խմբագրակազմի անդամ Էդվարդ Խլղաթյանը:
Շնորհավորանքի և ողջույնի խոսքով միջոցառումը մեկնարկեց «Վանաձոր» ՔԿՀ-ի պետի տեղակալ, արդարադատության փոխգնդապետ Արծրուն Պետրոսյանը, հյուրերը նույնպես ողջունեցին նմանօրինակ միջոցառումները և պատրաստակամություն հայտնեցին հետագայում ևս աջակցել անազատության մեջ գտնվող անձանց՝ նրանց ստեղծագործությունները լուսաբանելով և ներկայացնելով ընթերցասեր հանրությանը:
Միջոցառման ավարտին հեղինակը և հիմնարկի ղեկավարությունը շնորհակալություն հայտնեցին հյուրերին օժանդակության և մասնակցության համար: Ձեռք բերվեց նաև նախնական պայմանավորվածություն հետագա համագործակցությունը ավելի ամրապնդելու ուղղությամբ:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱՆ ՔԿԾ պաշտոնական կայքից։

