ԱՄՆ-ում մեծ քննարկումների առիթ է դարձել Ճապոնիայում G20 գագաթնաժողովի ժամանակ Դոնալդ Թրամփի դուստր Իվանկա Թրամփին հատկացված դերը։ Այս մասին գրում է The Guardian պարբերականը:
Քննարկումները սկսվել են այն բանից հետո, երբ Ֆրանսիայի կառավարությունը սոցիալական ցանցերում տեսանյութ է հրապարակել, որում Իվանկա Թրամփն անփութորեն փորձում է զրույցի մեջ ներքաշվել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի, Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի և Արժույթի միջազգային հիմնադրամի տնօրեն Քրիստին Լագարդի հետ:
Զրույցի մասնակիցները սառը արտահայտությամբ նայում են Իվանկային:
Գագաթնաժողովի ժամանակ Իվանկան նաև մասնակցել է համաշխարհային ղեկավարների խմբային լուսանկարման արարողությանը:
Իսկ հաջորդ օրը Թրամփի 37-ամյա դուստրը դարձել է այն քիչ ամերիկացիներից մեկը, որոնք հատել են Հյուսիսային Կորեայի սահմանը, երբ Դոնալդ Թրամփը և Կիմ Չեն Ընը հանդիպել են ապառազմականացված գոտում:
Միջազգային հարաբերությունների փորձագետները նեպոտիզմի նման ակնհայտ դրսևորումների վերաբերյալ մտահոգություն են հայտնել՝ նշելով, որ Իվանկայի մոտ դիվանագիտական փորձառության և կրթության լիակատար բացակայությունը վատ կանդրադառնա միջազգային արենայում ԱՄՆ-ի դիրքի վրա: