«Թրամփի ուղի» նախագծի չերևացող կողմերի ու վտանգների մասին Յանա Մանթաշևան այսօր հետևյալ գրառումն է կատարել ֆեյսբուքյան էջում․
Այսօր փորձում են մեզ համոզել, որ TRIPP-ը Հայաստանի «փրկօղակն» է ու խաղաղության միակ ճանապարհը։ Հիմնական արգումենտը պարզունակ է. «Դե եթե Ամերիկան կա, ուրեմն լավ է, ուրեմն անվտանգ է»։
Շատերի համար TRIPP-ը դարձել է հույսի խորհրդանիշ միայն մեկ պատճառով՝ «այնտեղ չկան ռուսներն ու չի անվանվում «Զանգեզուրի միջանցք»: Ու էս էմոցիոնալ մոտեցումը մեզ ստիպում է աչք փակել նախագծի իրական վտանգների վրա։ Մենք մեծ սիրով հավատում ենք մի հեքիաթի, որտեղ կա «բարի պաշտպան», բայց մոռանում ենք, որ քաղաքականության մեջ բարերարներ չկան, կան միայն շահեր։
Բայց եթե մի կողմ դնենք սիրուն բառերը, պատկերը բոլորովին այլ է։
Որոշողը մենք չենք լինելու:
Նախագծի վերահսկող փաթեթի 74%-ը անցնում է ամերիկյան կողմին։ Նույնիսկ եթե ապագայում Հայաստանի բաժինը դառնա 49%, մենք միևնույն է մնալու ենք փոքրամասնություն։ Իսկ սա նշանակում է, որ սակագների, ներդրումների և ռազմավարական հարցերի մասին վերջնական խոսքը լինելու է ոչ թե Երևանում, այլ դրսում։ «Լիարժեք սուվերենություն» բառերը թղթի վրա են, իրականում վճռորոշ ձայնը մերը չէ։
Այս նախագիծը Հայաստանը դարձնում է կապող օղակ Ադրբեջանի և Նախիջևանի միջև։ Այն, ինչի դեմ տարիներով պայքարում էինք «միջանցքային տրամաբանություն» անվան տակ, հիմա մատուցվում է նոր փաթեթավորմամբ։ Երբ քո ճանապարհը կենսական է դառնում հարևանիդ համար, նա ստանում է մշտական լծակ քեզ ճնշելու համար։ Բաքվի հետ հարաբերությունների ցանկացած սրացում ավտոմատ կերպով վերածվելու է սպառնալիքի այդ «միջանցքի» համար և ուժեղացնելու է Երևանի դեմ ուղղված շանտաժը:
Հաշվի առնելով ամերիկա-ադրբեջանական հարաբերությունները Հայաստանը ռիսկի է դիմում հայտնվել հարկ եղած դեպքում երկակի ճնշման տակ. Ադրբեջանի կողմից՝ իր օրակարգով, մյուս կողմից՝ ԱՄՆ-ի, որը շահագրգռված է նախագծի պահպանմամբ ցանկացած գնով՝ նույնիսկ Երևանի կողմից արվող զիջումների հաշվին։
«Ֆրոնթ-օֆիս – բեք-օֆիս» մոդելի դեպքում փաստաթղթերը, վճարները ու առօրյա ծառայությունները ղեկավարելու են ոչ թե պետական աշխատողները, այլ TRIPP Development Company-ի վարձած մասնավոր ընկերությունները։ Պետական մարմինները հիմնականում կստանան միայն վերջնական «այո» կամ «ոչ» ասելու իրավասություն, բայց այդ որոշմանը տանող ամբողջ գործընթացը կկառավարեն մասնավորները։
Իրական ռիսկն այն է, որ օրակարգ ձևավորողն ու առօրյա գործառնական հոսքերի վերահսկողն այլևս լինում են ոչ թե պետական, այլ մասնավոր՝ դրսից կառավարվող սուբյեկտներ:
Պայմանագիրը նախատեսված է 49+ տարվա համար։ Այսքան ժամանակ այլ ներդրողներ չեն կարողանալու մրցակցել այդ ուղղությամբ, իսկ պետությունը կապված է լինելու արդեն ստորագրված պայմաններով։
Հիմնական շահույթը գնալու է վերահսկող կողմին։ Հայաստանը ոչ թե դառնում է զարգացման կենտրոն, այլ պարզապես մի ծայրամասային ճանապարհ, որի վրա ուրիշներն են փող աշխատելու։
Ամենավտանգավորն այն է, որ այս նախագծով Հայաստանը դադարում է լինել արտաքին քաղաքականություն ձևավորող սուբյեկտ։ Մենք այլևս չենք որոշում մեր ուղղությունը, մեր փոխարեն որոշում են, իսկ մեզ թողնում են զուտ «իրականացնողի» կամ «տարածք տրամադրողի» դերը։ Մեզնով խաղալու են այնպես, ինչպես կպահանջի տվյալ պահի աշխարհաքաղաքական շահը։
Կուզեն՝ կհանձնեն ամբողջությամբ նախագիծը Ադրբեջանին, կուզեն՝ Ռուսաստանին, թե կկիսեն իրար մեջ։
TRIPP-ը «իդեալականացնելը» նույնքան վտանգավոր է, որքան ցանկացած այլ կուրորեն կախվածություն։ Մենք պետք է լինենք խաղի կանոն թելադրող, այլ ոչ թե պարզապես մի տարածք, որտեղ ուրիշները լուծում են իրենց հարցերը՝ մեզ օգտագործելով որպես կատարող։
Իսկական խաղաղությունը կառուցվում է սեփական ուժի ու սուվերենության, այլ ոչ թե հերթական «պաշտպանի» շուրջ ստեղծված պատրանքների վրա։

