ԴԵԹՐՈՅԹ (Ազատ TV) – Նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է արգելափակել Գորդի Հաուի միջազգային կամրջի բացումը՝ 4,7 միլիարդ դոլար արժողությամբ կարևոր ենթակառուցվածքային նախագիծ, որը միացնում է Դեթրոյթը (Միչիգան) Վինձորին (Օնտարիո)։ Այս քայլը քաղաքական փոթորիկ է առաջացրել. հանրապետական դաշնակիցները պաշտպանում են այն որպես «բանակցային մարտավարություն», մինչդեռ դեմոկրատները և Միչիգանի պաշտոնյաները զգուշացնում են լուրջ տնտեսական հետևանքների և ԱՄՆ-Կանադա հարաբերությունների հետագա լարվածության մասին։
Հանրապետական ԱՄՆ կոնգրեսական և նահանգապետի թեկնածու Ջոն Ջեյմսը պաշտպանել է նախագահ Թրամփի դիրքորոշումը՝ The Macomb Daily-ին հայտնելով, որ սպառնալիքը համահունչ է նախագահի բանակցությունների սովորական ոճին։ «Այսպես է նախագահ Թրամփը սկսում իր բոլոր բանակցությունները, և լրատվամիջոցները հակված են ամեն անգամ խուճապի մատնվելու», – հայտարարել է Ջեյմսը։ Նա նաև նշել է, որ Կանադայի վարչապետ Մարկ Քարնին արդեն իսկ նվազեցրել է սպառնալիքի կարևորությունը՝ նշելով, որ «իրավիճակը կկարգավորվի», և կամուրջը նախատեսվում է բացել այս տարվա վերջին։
Չնայած Թրամփի կողմնակիցների հավաստիացումներին, սպառնալիքը կտրուկ քննադատության է արժանացել։ Միչիգանի Դեմոկրատական կուսակցության խոսնակ Դերիկ Հոնիմենը քննադատել է Ջեյմսին նախագահին աջակցելու համար՝ հայտարարելով, որ Ջեյմսը «շարունակում է Միչիգանի բնակիչներին դնել դժվար դրության մեջ, քանի որ նա աջակցել է Դոնալդ Թրամփի սպառնալիքներին՝ արգելափակելու Գորդի Հաուի կամուրջը և այժմ քվեարկել է Կանադայի նկատմամփ Թրամփի կողմից սահմանված գնաճի մաքսատուրքերը պահպանելու օգտին»։ Հոնիմենն ընդգծել է նաև մրցակից Ambassador կամրջի սեփականատեր և Ջեյմսի դոնոր Մորուն ընտանիքի լոբբինգային ջանքերը Գորդի Հաուի նախագծի դեմ։ Սենատոր Էլիսա Սլոտկինն ընդգծել է կամրջի կարևորությունը՝ Թրամփի սպառնալիքն անվանելով «սարսափելի մեր նահանգի տնտեսության համար»։

