Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանը մայիսի 2-ին Արտաշատում մասնակցել են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության սիրողական ֆուտբոլի փոխանցիկ գավաթի` Արարատի մարզային խաղարկության բացման հանդիսավոր արարողությանը: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը:
Ողջույնի խոսքում ՀԱՕԿ նախագահը շեշտել է, որ այսպիսի միջոցառումներ պետք է անցկացվեն Հայաստանի բոլոր մարզերում.
«Սա լավ հնարավորություն է ֆուտբոլի սիրահարների համար: Մենք պարոն Վանեցյանի հետ միասին պատրաստ ենք աջակցել այսպիսի միջոցառումների կազմակերպմանը՝ ցանկացած մարզում»,- ասաց Գագիկ Ծառուկյանը:
ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը, ողջունելով ներկաներին, կարևորել է միջոցառման անցկացումը:
«Հարգելի ֆուտբոլասերներ, սա շատ կարևոր միջոցառում է, որը միտված է մասսայական սպորտի զարգացմանը և, մասնավորապես, ֆուտբոլի մասսայականացմանը»,- նշեց Արթուր Վանեցյանը:
Մրցաշարին կմասնակցեն 86 թիմեր՝ 2 տարիքային խմբերում (մինչև 18 տարեկան և 18-ից բարձր): Հանդիպումները կանցկացվեն շաբաթ և կիրակի: Մրցաշարը կավարտվի օգոստոսին: