ՊՊԾ գնդի գրավման համար մեղադրվող 10 ամբաստանյալների` Պավել Մանուկյանի, Վարուժան Ավետիսյանի և մյուսների գործով դատաքննության ժամանակ ցուցմունք են տալիս տուժողները:
Խաչատուր Ավետիսյանը 2016 թվականի հունիսի 17 -ին եղել է ՊՊԾ գնդի հրամանատար: Նա պատմեց, որ դեպքի օրը տեսել է, թե ինչպես են զինված մարդիկ մտել գունդ, տեսել է «Կռազ»-ով վնասված դարպասները և գնդի պատերը:
Պատմեց՝ տեսել է խմբի անդամներից Մարտիրոս Հակոբյանին, որը զինված կոչ է արել միանալ իրենց. «Նա կրակահերթ է արձակել զրահամեքենայի վրա, որի հետևանքով գնդակների անդրադարձ եղավ: Երկու ոստիկան և ոստիկանության լրատվականի աշխատակիցը վիրավորվեցին: Կրակոցներ եղան նաև հսկիչ-անցագրային կետի կողմում՝ մի քանի զինված անձանց կողմից»:
Իր ղեկավարությամբ կազմակերպվել է ՊՊԾ գնդի հարակից շենքերի բնակիչների տարհանումը, որպեսզի ստեղծվեին անվտանգության գոտիներ. «Խմբի հանձնվելուց հետո մուտք եղավ գնդի տարածք՝ քննչական գործողություններից հետո: Գունդն ամբողջությամբ ավերված էր՝ շենքերը, դռները, պատուհանները: Բացել էին բոլոր չհրկիզվող պահարանները, զինանոցը դատարկ է եղել, զենք-զինամթերքը՝ գնդի տարածքով շաղ տված: Անգամ ՊՊԾ գնդի հարակից շենքերում է զինամթերք եղել»: Պատմեց նաև, որ գնդի տարածքում կայանված 24 ավտոմեքենաներից 4-ն այրվել են: Տեսել է վիրավորված ոստիկան Գագիկ Մկրտչյանին, խոսել է նրա հետ, սակայն Մկրտչյանը շատ դժվարությամբ էր պատասխանում: Նրան տեղափոխել են հիվանդանոց: Ինքը բազմիցս այցելել է ընկերոջը:
«Ձեռքով պահում էր վերքը: Անձամբ տեսել եմ նրան: Հարց եմ տվել, ի վիճակի չի եղել պատասխանել: Վնասվածք եմ տեսել նաև ձեռքի շրջանում: Իսկ գնդապետ Արթուր Վանոյանի դին դուրս է բերել շտապօգնությունը»,-ասել է նա:
Ոստիկան Յուրի Տեփանոսյանի մահվան հանգամանքների մասին ասաց, որ իր տեղեկություններով՝ կրակել են տանիքից, և կրակողը եղել է Սմբատ Բարսեղյանը։ Անձամբ չի տեսել: Պավլիկ Մանուկյանը հարցրեց. «Դուք ձեզ տուժող համարու՞մ եք»։ Հրամանատարը պատասխանեց` «Այո՛, բոլոր առումներով»:
Պավլիկ Մանուկյանը հարցրեց` ի՞նչ առումներով եք Ձեզ տուժող համարում: Պատասխանն այսպիսին էր․ «Բոլոր փաստերով համարում եմ»:
Պավլիկ Մակուկյանն ակնարկեց իրենց ապստամբության իրավունքի և նախորդ ռեժիմի դեմ դուրս գալու մասին, ինչը զայրացրեց Խաչատուր Ավետիսյանին: Նա բղավեց. «Ի՞նչ, ապստամբությո՞ւն…Զինվորական ճանապարհ անցած Պավլի՛կ Մանուկյան, վիրավորում եք բարձրաստիճան սպայի և թողնում ներսում, այսքանից հետո հարցնո՞ւմ եք: Եթե ձեր մերձավորին և հարազատին սպանեին, ո՞նց կվերաբերվեիք»։ Ամբաստանյալներից մեկը կրկին ճշտեց, թե կոնկրետ ի՞նչ վնաս է կրել տուժողը:
«Իմ աշխատասենյակն ավերվել է, համազգեստս հանվել է, մեքենաս վնասվել է, ամբողջ մեքենայիս սրահն այրված էր»,- ասաց տուժած ոստիկանը:
Ամբաստանյալ Արեգ Կյուրեղյանը հարցրեց՝ «Տեղյա՞կ եք, որ ձեր գրասենյակների չհրկիզվող պահարաններում նռնակներ ու փող կար, երևի կաշառք էր»: «Տեղյակ չեմ»,-պատասխանեց Խաչատուր Ավետիսյանը, ապա ասաց, որ տեղյակ չէ նաև գնդում հայտնաբերված մարմնավաճառների ցուցակի մասին: Նրան չգոհացրին Արեգ Կյուրեղյանի՝ ՊՊԾ գնդի վերաբերյալ ասածները: Խաչատուր Ավետիսյանը նշեց. «Ձեր նմանները չէ, որ պետք է գնահատական տան գնդի աշխատանքին: Թուրքի նման գիշերով հարձակվելը…»: Արեգ Կյուրեղյանը հարցրեց՝ «ազգությամբ թո՞ւրք եք»: Դատավորն արգելեց վիրավորանքներ ուղղել, սակայն Արեգ Կյուրեղյանը շարունակեց ագրեսիվ պահել իրեն: Դատավոր Մեսրոպ Մակյանը որոշեց. «Հեռացվում եք դատական նիստերից տասը ժամով, հաջողությո՛ւն»:
Աղբյուրը՝ shantnews.am