Armenian unified infocenter/Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում ասուլիսի ընթացքում ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն ամփոփել է այս օրերին Սփյուքի կողմից կատարվող աշխատանքը։
«Թուրքիայի և ադրբեջանական ագրեսիայի սկզբից ի վեր Սփյուռքում տեղի է ունեցել մի աննախադեպ մոբիլիզացիա: Մեր հայրենակիցները, քաջ գիտակցելով, թե ինչ օրհասական պահ է Հայաստան աշխարհի համար, և որքան դժվար է իրավիճակը մեր բոլորի համար, ինչ է դրված զոհասեղանին, անցել են գործի»,- ասել է Սինանյանը:
Ըստ ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի՝ նշված գործը հիմնական 3 ուղղություն ունի: Հումանիտար օգնությունը դրանցից մեկն է: Մոտ 700 տոննա այդպիսի օգնություն այս պահի դրությամբ Հայաստան է տեղափոխվել:
«Ասեմ, որ այս պահին նաև 100 տոննա օգնություն կա, որ այս պահին պատրաստ է ԱՄՆ-ից գալ ՀՀ, սակայն Թուրքիան արգելել է օդային տարածքով նույնիսկ մարդասիրական օգնություն հասցնելը, որի արդյունքում այս թռիչքը հետաձգվում է»,- մանրամասնել է Սինանյանը:
Երկրորդ ուղղությունը ֆինանսական ուղղությունն է, որը հիմնականում փոխանցվում է «Հայաստան» համահայկական հիմնադրամին: Այս պահին հանգանակված գումարը 120 մլն դոլար է և ունի աճի միտում:
Կան նաև հայրենակիցներ, ովքեր եկել են մասնագիտական աջակցություն ցուցաբերելու: Եկողների մեջ նաև բժիշկներ են:
ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարն ասել է նաև, որ շատ կարևոր է նաև ճիշտ տեղեկատվության տարածումը: Կարևոր է աշխարհին ճիշտ տեղեկություն հասցնելը, քանի որ Թուրքիան և Ադրբեջանը լոբբիստական խմբեր են վարձել իրենց կեղծիքը տարածելու համար: Հայկական լոբբին հակազդում է դրան:
https://www.facebook.com/ArmenianUnifiedInfoCenter/videos/802671713640010


