Ռեջեփ Թայիփ Էրդողանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ պաշտոնական Անկարան Ռուսաստանի Դաշնությունից և Իրանից աջակցություն է ակնկալում Թուրքիայի սահմանից Սիրիայի տարածք 30 կմ խորությամբ հակաահաբեկչական գործողություն իրականացնելու հարցում։
Այս մասին հաղորդում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:
Էրդողանը շեշտել է, որ Սիրիայի հյուսիսում նոր հակաահաբեկչական գործողության անցկացման հարցը կմնա Անկարայի օրակարգում այնքան ժամանակ, քանի դեռ կպահպանվի Թուրքիայի ազգային անվտանգության սպառնալիքը։
«Անկարան չի խաբվի Սիրիայի հյուսիսում Բաշար ալ-Ասադի ռեժիմի դրոշների ծածանմամբ թուրքական բանակին մոլորեցնելու ահաբեկիչների փորձերին։ Այս հնարքները չեն աշխատի»,- հավատացրել է նախագահ Էրդողանը։
Էրդողանի խոսքով՝ Աստանայի գործընթացի երաշխավոր երկրները հանդես են գալիս Սիրիայում բոլոր հակասությունների կարգավորման օգտին՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2254 բանաձեւի հիման վրա։
«Աստանայի գործընթացի վերաբերյալ Պուտինի դիրքորոշումը նույնն է, ինչ Աստանայի գործընթացի սկզբում։ Ինչ վերաբերում է Թեհրանին, ապա նախագահի փոփոխության ֆոնին որոշակի փոփոխություններ են տեղի ունենում, սակայն Իրանի նման երկիրը այդքան կարճ ժամանակում չի փոխում իր վերաբերմունքը հարցերի նկատմամբ»,-հավելել է նա:
Միաժամանակ նա ընդգծել է, որ Թուրքիան ճանաչում է Սիրիայի տարածքային ամբողջականությունը։