Թուրքիայի արտգործնախարարությունը պաշտոնական հայտարարություն է տարածել Սիրիայում հայ կաթոլիկ քահանայի սպանության կապակցությամբ: Այս մասին հաղորդում է Ermeni Haber-ը։
Նախարարության պաշտոնական կայքում հրապարակված հայտարարության մեջ մասնավորապես նշվում է.
«Ցավով տեղեկացանք Սիրիայի հայ համայնքի անդամ հոգևորականի մահվան մասին, որի դեմ նողկալի հարձակումը տեղի էր ունեցել PYD/YPG/PKK («Ժողովրդավարական միություն կուսակցություն/Ժողովրդի ինքնապաշտպանական ուժեր/Քուրդիստանի բանվորական կուսակցություն») ահաբեկչական կազմակերպության վերահսկողության տակ գտնվող տարածքում:
Թուրքիան դատապարտում է կատարվածը ու ցավակցում Սիրիայի ժողովրդին:
Տարածաշրջանում գործող, ինչպես նաև բոլոր սիրիացիներին, այդ թվում նաև քրիստոնյաներին շարունակաբար թիրախավորող ԻՊ և PYD/YPG/PKK ահաբեկչական կազմակերպությունները բնական կասկածյալներն են:
«Սիրիայում ծագող ահաբեկչության բոլոր տեսակների դեմ վճռականորեն պայքարող Թուրքիան այս ահաբեկչական հարձակման ոճրագործներին գտնելու համար էլ գործելու է միջազգային հանրության հետ միասին»: