Թուրքիայի խորհրդարանի (մեջլիս) բոլոր խմբակցությունները համաձայնության են եկել Թուրքիայի 7-րդ նախագահ Քենան Էվրենի անունը կրող բոլոր դպրոցները, պողոտաները, փողոցները, գյուղերը, թաղամասերը և զորանոցներն անվանափոխելու հարցում։ Այս մասին հաղորդում է Ermeni Haber-ը։
Քենան Էվրենը, որը եղել է 1980 թվականի ռազմական հեղաշրջման կազմակերպիչը, հայտնի է իր դաժանությամբ և բռնաճնշումներով։ Նրա իշխանության տարիներին Թուրքիայում 178.000 մարդ է ձերբակալվել, որոնցից 64.000-ը բանտարկվել է, 30.000 մարդ զրկվել է քաղաքացիությունից, 450-ը՝ մահացել խոշտանգումներից, իսկ 50 քաղաքացի էլ ենթարկվել է մահապատժի։
Թուրքիայի տխրահռչակ նախագահի անունն ամեն տեղից ջնջելու նախաձեռնության հեղինակը ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (CHP-ԺՀԿ) Էլազըղի (Խարբերդ) պատգամավոր Գյուրսել Էրոլն է։
Ազգայնական ուղղվածության «Լավ» (İyi) և «Ազգայնական շարժում» (MHP-ԱՇԿ) կուսակցությունները նույնպես կողմ են արտահայտվել հիշյալ նախաձեռնությանը։
Իշխանական «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (AKP-ԱԶԿ) շնորհակալություն է հայտնել ընդդիմադիր կուսակցությանն ու հարցը օրակարգ բերող պատգամավորին՝ շեշտելով, որ անհրաժեշտ է անհապաղ ձեռնամուխ լինել անվանափոխության գործընթացին։