Ուկրաինայի Գերագույն ռադան հրաժարվել է ընդունել վարչապետ Վլադիմիր Գրոյսմանի հրաժարականը։ Այս մասին հաղորդում է «Ռիա Նովոստի»-ն:
Վարչապետի հրաժարականի համար անհրաժեշտ էր առնվազն 226 ձայն, այնինչ դրան կողմ է քվեարկել 97 պատգամավոր: Գրոյսմանը խորհրդարանականներին շնորհակալություն է հայտնել նման որոշման համար:
Ըստ օրենքի՝ վարչապետի հեռացումը ենթադրում է նախարարների կաբինետի հրաժարական: Ընդ որում, կառավարությունը շարունակում է իր պարտականությունները կատարել, մինչև նոր կազմը կանցնի աշխատանքի:
Հիշեցնենք, որ իր երդմնակալության օրը Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ ցրում է խորհրդարանը, իսկ կառավարության անդամներին կոչ էր արել իրենց տեղը զիջել նոր սերնդին:
Ուկրաինայում խորհրդարանական արտահերթ ընտրությունները տեղի կունենան հուլիսի 21-ին: Գործող վարչապետ Վլադիմիր Գրոյսմանը մտադիր է մասնակցել դրանց, սակայն հրաժարվել է կոալիցիա կազմել նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ: