Պատերազմը տարածաշրջանում է, մեր իշխանությունը՝ ավտոբուսում

Հրապարակող՝

,

Պատերազմը տարածաշրջանում է, մեր իշխանությունը՝ ավտոբուսում

Ամենադիտվածներ

Տարածաշրջանում անվտանգային իրավիճակի կտրուկ սրումը եւ Իրանի շուրջ ծավալվող ռազմական գործողությունները Հայաստանի պետական կառավարման համակարգի համար պետք է դառնային բացառիկ զգոնություն եւ հասունություն ցուցադրելու առիթ: Սակայն, անցած օրերին Հայաստանի իշխող վարչախմբի գործողությունները ցույց են տալիս միայն պաշտոնական Երեւանի անադեկվատ կեցվածքը:

Ինչպես մեզ ներկայացրեց պաշտոնական լրահոսը՝ դեռեւս փետրվարի 27-ին գումարվել էր Անվտանգության խորհրդի նիստ, որի ընթացքում անդրադարձ էր կատարվել Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի բարեփոխումների ընթացքին, ՀՀ-ի դեմ կիրառվող հիբրիդային սպառնալիքների հակազդման միջոցառումներին, ինչպես նաեւ առցանց հարթակներում երեխաների պաշտպանությանն առնչվող հարցերին: Պաշտոնական Երեւանի տարածած հաղորդագրության մեջ ոչ մի խոսք չկար տարածաշրջանային խնդիրները քննարկելու մասին։ Կարելի է կարծել, որ ՀՀ վարչապետի խաղաղության քարոզը ՀՀ կառավարության համար վաղուց դարձել է պաշտոնյաների անհոգության գրավականը։

Հաջորդ երկու օրերին՝ պատերազմի մեկնարկին զուգահեռ, երկրի վարչապետը, Ազգային ժողովի նախագահը, Պաշտպանության եւ Արտաքին գործերի նախարարները նույն ավտոբուսով մեկնեցին մարզային շրջայցերի: Մի կողմ կարելի է թողնել բարձրագույն իշխանության ներկայացուցիչների նմանօրինակ կուտակումը մեկ տրանսպորտային միջոցում, որը վկայությունն է ռիսկերի կառավարման տարրական կանոնների անտեսման: Պետական կառավարումից գիտակ անձիք վաղուց սովոր են ՀՀ բարձրագույն ղեկավարության նման անմտություններին (մեղմ ասած)։ Սակայն փետրվարի 28-ին Իրանում ռազմական գործողությունների ծավալման խորապատկերին, երեւաց պետական ինստիտուտների ղեկավարների գործառնական անլրջության մակարդակը։ Պարզ դարձավ, որ ներկուսակցական միջոցառումները չեն ստորադասվում ազգային անվտանգության հրամայականին: Ո՛չ Պաշտպանության նախարարը եւ ո՛չ էլ Արտաքին գործերի նախարարը հարկ չհամարեցին իրենց հետույքները կտրել ավտոբուսի անհարմար աթոռներից ու շտապել իրենց գրասենյակներ՝ հնարավոր ճգնաժամային կառավարման պահերին օպերատիվ գործելու ու կազմակերպական խնդիրներ լուծելու համար:

Առկա իրողությունների խորապատկերին ուշագրավ էր, սակայն, Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի դրսեւորած մոտեցումը: Նա, ունենալով անձնական հարգելի պատճառ (դստեր ծննդյան օրն էր), օրվա կեսին ընդհատեց մասնակցությունը մարզային շրջայցին եւ վերադարձավ Երեւան՝ այդ մասին տեսանյութով իրազեկելով հանրությանը: Սա այն դեպքն է, երբ անձնական (ընտանեկան) խնդիրը դառնում է գործողությունների դրդապատճառ, մինչդեռ անվտանգային եւ դիվանագիտական ոլորտների պատասխանատուները նույնիսկ հարեւանությամբ բռնկված ավերիչ «հրդեհի»՝ տարածաշրջանային պատերազմի պայմաններում չեն գիտակցում իրենց անմիջական աշխատանքային վայրում գտնվելու անհրաժեշտությունը:

Պետական կառավարման տեսանկյունից ճգնաժամային իրավիճակները պահանջում են ալգորիթմիկ հստակություն, որտեղ յուրաքանչյուր րոպեն կարող է վճռորոշ լինել: Մինչդեռ Անվտանգության խորհրդի նոր նիստը հրավիրվեց միայն մարտի 1-ին, երբ մարզային շրջայցերից ու հանդիպումներից վերադառնալու հնարավորություն ստեղծվեց: Այս ժամանակային հապաղումը մատնում է համակարգային անարդյունավետությունը եւ այն փաստը, որ պետական մեքենան աշխատում է ոչ թե ըստ արտաքին մարտահրավերների հրատապության, այլ իշխող վերնախավի նախապես սահմանված հարմարավետ օրակարգի:

Նկարագրված երեւույթները վկայում են պետական մտածողության եւ պատասխանատվության իսպառ բացակայության մասին: Երբ ուժային կառույցների ղեկավարները պատերազմի մեկնարկի ժամերին զբաղված են երկրորդային նշանակություն ունեցող հանդիպումներով, դա խոսում է կառավարման համակարգում տիրող ինստիտուցիոնալ տհասության մասին: Հանրությունն այս պայմաններում դառնում է պատանդ մի վերնախավի ձեռքում, որը չի տարբերակում կուսակցական զբոսաշրջությունը պետական ճգնաժամային կառավարումից՝ վտանգելով երկրի ընդհանուր դիմադրողականությունը:

Ամենաթարմ