ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցներն այսօր՝ օգոստոսի 9-ին, ՄԻՊ-ի գրասենյակին հանձնեցին իրենց 28 կետից բաղկացած դիմումը։ Ակցիայի մասնակիցների խոսքով՝ Ռոբերտ Քոչարյանը քաղբանտարկյալ է, և իրենք ուզում են, որ ՄԻՊ-ն իր դիրքորոշումը հայտնի այս փաստաթղթում բարձրացված մտահոգությունների վերաբերյալ։
«Ուզում ենք, որ ՄԻՊ-ն արձագանքի այն դատական բեզպրեդելին, որը տեղի է ունենում Հայաստանում, մասնավորապես, նախագահ Քոչարյանի հետ կապված»,– ասաց մասնակիցներից մեկը։
ՄԻՊ-ի մամուլի քարտուղարի տեղակալն ասաց, որ Մարդու իրավունքների պաշտպանի մասին սահմանադրական օրենքի համաձայն բողոքը կուսումնասիրվի։
Իրավաբան Վահե Եփիկյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ ՄԻՊ-ի պաշտպան Արման Թաթոյանը մի քանի անգամ արձագանքել է երկրում առկա խայտառակ իրավախախտումներին, օրենսդրական ձախողումներին, և իրենք ուզում են, որ նա արձագանքի նաև Քոչարյանի հանդեպ թույլ տրվող անօրինականություններին.
«ՄԻՊ-ը պետք է պատշաճ կերպով արձագանքի տիրող իրավիճակին, որպեսզի կարողանանք դուրս գալ իրավական կազուսից։ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման հարցը այդպես էլ մնում է բաց, չի քննվում։ ԲԴԽ-ն կարծես անգործության է մատնված։ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Մկրտչյանը գործը չի մակագրում որևէ մեկին։ Ստացվում է, որ բացի այն, որ Ռոբերտ Քոչարյանը քաղաքական բանտարկյալ է, նրա վերաբերյալ արդեն իսկ 1 տարի է շարունակաբար խայտառակ ապօրինություններ են տեղի ունենում։ Հիմա առհասարակ դատաքննություն չի իրականացվում։ Ծիծաղելի է, բայց այդպես էլ դատարան չի ձևավորվում»։
Եփիկյանն ասաց, որ դիմումի մեջ նշված կարևոր խախտումներից է Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Արմեն Դանիելյանի որոշումը.
«Բոլորիս աչքի առջև դատարանների վրա ճնշում է իրականացվել։ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Արմեն Դանիելյանի խայտառակ որոշումը, պաշտպանության կողմին չլսելը. նման նախադեպ երբևէ չի եղել ոչ Հայաստանում, ոչ՝ այլ երկրում»։
Աբյուրը՝ News.am