«Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանն ու Իվետա Տոնոյանն այսօր այցելել են Վահան Բադասյանին, ով այժմ գտնվում ԱԱԾ մեկուսարանում։ Այս մասին իր facebook-յան իր էջում գրառում է կատարել Նաիրա Զոհրաբյանը և նշել հետևյալը․
«Քիչ առաջ իմ գործընկեր Իվետա Տոնոյանի հետ ԱԱԾ մեկուսարանում հանդիպեցինք Վահան Բադասյանին, ում դատարանը կալանավորեց Նիկոլ Փաշինյանին զենքով ոչնչացնելու սպառնալիքի համար։
Դատավորը կալանքը հիմնավորել է հադրութցի Վահան Բադասյանի՝ մշտական բնակության վայր չունենալու հանգամանքով։
Երեւի թե նման էքսքլյուզիվ որոշում կայացնող դատավորին ոչ մեկը չի տեղեկացրել, որ Արցախի 75 տոկոսը նոյեմբերի 10-ին դե յուրե հանձնվել է թուրքին ու Վահան Բադասյանի հայրենի Հադրութն էր՝ հետը։
Ես եւ «Բարգավաճ Հայաստանի» իմ գործընկերները, ինչպես նաեւ անկախ պատգամավորներ Արման Բաբաջանյանն ու Սոֆիա Հովսեփյանը միջնորդութուն ենք ներկայացրել Վահան Բադասյանի խափանման միջոց կալանքը վերացնելու, բայց այս դեպքում նման միջնորդության կարիքն անգամ չպիտի լիներ։
Վահան Բադասյանը, ով արցախյան բոլոր պատերազմների մասնակից է, եւ վերջին պատերազմի հենց առաջին օրից կռիվ է տվել Բայրաքթարների դեմ, ծանր վիրավորում է ստացել ու անզեն աչքով անգամ հստակ է, որ նրա ստացած վիրավորումն անհամատեղելի է կալանքի հետ։
Վահանը մարտին պետք է ենթարկվի եւս մեկ բարդ վիրահատության եւ նման ծանր վիրավորում ստացած մարդուն կալանքի տակ պահելը միջազգային բոլոր կոնվենցիաներով հստակ խոշտանգում է, ինչի մասին ես արդեն տեղեկացրել եմ միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին։
Վահան Բադասյանը քաղբանտարկյալ է եւ ժամ առաջ պիտի լինի ազատության մեջ»:
Տեղեկացնենք, որ Վահան Բադասյանը մեղադրվում է ըստ Քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածի՝ իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր հնչեցնելու հատկանիշներով։ Նրան բերման են ենթարկել դեռևս հունվարի 28-ին, «Եռաբլուրում» լրագրողներին տված հարցազրույցից հետո, որում ասել է, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանին պետք է հեռացնել ոչ միայն որպես պարտության սիմվոլի, այլ նաև թշնամու: Լրագրողի հարցին, թե հեռացնելու ի՞նչ ճանապարհներ կան, Բադասյանը պատասխանել է, թե ճանապարհները տարբեր են՝ ընդհուպ ֆիզիկապես հեռացնելը․ «Այսինքն՝ դա ենթադրում է, որ թշնամուն մենք պետք է վերացնենք․․․ Այո՛, նաև զենքի միջոցով… այո՛, ես սպառնալիքի կոչեր եմ անում և գիտակցաբար եմ անում, թող ԱԱԾ-ն ինձ ձերբակալի»,- այս մասին հայտարարել է Վահան Բադասյանը՝ ավելացնելով, որ ինքը պատրաստ է դա անել։ Նշենք նաև, որ նրա պաշտպան Արայիկ Պապյանը պնդում է, որ Բադասյանի հայտարարությունը չի կարող որակվել որպես հանցանք, որը նախատեսված է Քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով։